Տուգանքը բավարար չի լինի․ տրանսպորտի և ճանապարհների ոլորտում նոր վերահսկողություն է նախատեսվում

Iravaban.net–ն ուսումնասիրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտի և ավտոմոբիլային ճանապարհների ոլորտներում խախտումների դեպքում Տեսչական մարմնին կարգադրագիր և ցուցում տալու իրավասություն վերապահել։ Նախագծի հեղինակների խոսքով՝ փոփոխությունը նպատակ ունի լրացնել առկա օրենսդրական բացը և ապահովել ոչ միայն վարչական տույժի կիրառումը, այլև իրավախախտման հետևանքների վերացումը։

Անհրաժեշտությունը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի (այսուհետ՝ նախագիծ) փաթեթի մշակումը պայմանավորված է տրանսպորտի և ավտոմոբիլային ճանապարհների բնագավառներում վերահսկողության իրավական կարգավորումների հստակեցման և վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 6․1-ին հոդվածը սահմանում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և վերջինիս իրավասությունների շրջանակը, համաձայն որի՝
Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):
Տեսչական մարմինը`

  •  իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.
  • կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ սույն օրենքի պահանջների խախտման համար:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 16․1-ին հոդվածը սահմանում է ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և վերջինիս իրավասությունների շրջանակը, համաձայն որի՝

  •  Ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի՝ սույն օրենքով սահմանված նախագծման, շինարարության (տեղադրման), շահագործման, պահպանման և միջին նորոգման (նորոգման) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):
  •  Տեսչական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողությունն իրականացնելիս կարող է մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնել քաղաքաշինական օբյեկտներում և ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:

ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1071-Ա որոշման 6-րդ կետի համաձայն՝ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման, տիեզերական գործունեության ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:
ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն), որի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Վերը նշված իրավական ակտերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Տեսչական մարմնի լիազորությունների իրավական ձևակերպման մեջ բացակայում է վերջինիս լիազորությունը տրանսպորտի և ավտոմոբիլային ճանապարհների բնագավառների օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում կարգադրագրեր կամ ցուցումներ տալու վերաբերյալ։
Տեսչական մարմինը տրանսպորտի բնագավառում կարգադրագիր իրավասու է տալ միայն Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքի շրջանակներում ստուգումների իրականացման ընթացքում  թերություններ հայտնաբերելու դեպքում։ Սակայն, տվյալ օրենքի համաձայն ստուգման ենթակա են միայն Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեությունը։ Այսինքն՝ տվյալ իրավական ակտի դրույթները չեն տարածվում քաղաքացիների վրա։ Ավելին, նույն օրենքի համաձայն՝ նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ տարված ընթացքում կարելի է իրականացնել միայն մեկ ստուգում՝ բացառությամբ օրենքով նախատեսված բացառիկ դեպքերի։
Սակայն տեսչական մարմնի գործունեությունը չի սահմանափակվում միայն տնտեսավարող սուբյեկտների մոտ տարին մեկ անգամ իրականացվող ստուգումներով, վերջինիս կողմից իրականացվում են բավականին մեծ ծավալով վերահսկողական այլ գործառույթներ։
Վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում տեսչական մարմինը միայն վարչական տույժ կիրառելու իրավասություն ունի, բայց ոչ կարգադրագիր/ցուցում տալու, որպիսի պարագայում վերահսկողությունը չի ծառայում իր նպատակին․ իրավախախտը գերադասում է վճարել իր նկատմամբ կիրառված վարչական տույժի գումարը՝ իրավախախտման հետևանքները վերացնելու փոխարեն (իրավախախտման հետևանքների վերացումը, որպես կանոն, առավել մեծ գումար է պահանջում, հատկապես երբ խոսքը ավտոմոբիլային ճանապարհների բնագավառին է վերաբերում)։
Նման պարագայում իրավախախտման հետևանքները կա´մ չեն վերացվում, կա´մ ոչ պատշաճ են վերացվում, իսկ տեսչական մարմինը իրավական գործիքակազմ չունի իրավախախտի վրա ներգործելու համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-539-Ն օրենքի ընդունմամբ լրացվել է 150․16-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացման գործառույթի) իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։ Սակայն, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում ամրագրված չէ տեսչական մարմնի կողմից կարգադրագիր և/կամ ցուցում տալու իրավասությունը (այսինքն՝ նախ պետք է նախատեսվեր կարգադրագիր և ցուցում տալու իրավասությունը, որից հետո միայն տույժի կիրառման իրավասությունը):
Նույն խնդիրն առկա է նաև ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182․7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագիրը, կամ ցուցումը չկատարելու համար պատասխանատվություն, սակայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքով տվյալ մարմնին վերապահված չէ կարգադրագիր կամ ցուցում տալու իրավասություն)։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք տեսչական մարմնին տրանսպորտի և ավտոմոբիլային ճանապարհների բնագավառներում օրենսդրական մակարդակով ընձեռել կարգադրագիր կամ ցուցում տալու իրավասությամբ, քանի որ վերջինս «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումներից բացի իրականացնում է նաև վերահսկողական այլ գործառույթներ, որոնք թե´ ծավալով, թե´ ընգրկվող սուբյեկտների շրջանակով անհամեմատ ավելի շատ են, քան ստուգումները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունմամբ տրանսպորտի և ավտոմոբիլային ճանապարհների ոլորտի վերահսկողության գործընթացը կդառնա առավել արդյունավետ, ինչպես նաև առավել կանխատեսելի քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների համար, կնպաստի իրավախախտումների քանակական նվազեցմանը, իրավախախտումների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների պատշաճ ապահովմանը, և ամենակարևորը՝ կլրացվի առկա օրենսդրական բացը։

 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Լ որոշման հավելվածում։

Leave a Comment