Քոչարյան, Խաչատրյան, Կաթողիկոս․ դատարաններում զուգահեռ ընթացող երեք քրեական գործ

Հակակոռուպցիոն դատարանը քրեական հետապնդում է հարուցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ։

Սրան զուգահեռ՝ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում են Մարտի 1-ի և նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գործերով դատական նիստերը։ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը, որը կրկին վերադարձել է Վաղարշապատի դատարան, երկրորդ անգամ քննում է Սերժ Ռուշանյանը։

Օգոստոսի վերջին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և կաշառք ստանալու համար կալանավորված Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից դատարանի դահլիճ եկավ մեկ այլ՝ Մարտի 1-ի վերաբացված գործով դատաքննությանը։

Մինչև նիստի սկսվելը Քոչարյանը մի քանի բառ փոխանակեց լրագրողների ու թիմակիցների հետ։ Լրագրողներին ասաց՝ հարցերի չի պատասխանում․ «Ֆրակցիայի նիստի ենք»։

Թիմակիցների՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների որպիսությունը հարցնելուց հետո Քոչարյանը դարձյալ կատակեց․ «Ես, ոնց որ ձեզնից լավ եմ»։

Քոչարյանը մեղադրյալի աթոռին է իր երեք նախկին բարձրաստիճան ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի հետ։

Երկրորդ նախագահը Մարտի 1-ի գործով դատարանի առջև է կանգնում երկրորդ անգամ։ 2018-ի հեղափոխությունից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։ 2021-ին, սակայն, Սահմանադրական դատարանն այդ մեղադրանքի հիմքում դրված հոդվածը հակասահմանադրական էր ճանաչել, ինչ արդյուքնում քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Տարեսկզբին դատախազը նոր միջնորդություն ներկայացրեց դատարան՝ իշխանական լիազորություններն անցնելու կամ ազդեցությունը չարաշահելու հոդվածով։

Դատական նիստի առանցքում Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու իրավաչափության հարցն էր։ Պաշտպանները հիշեցնում են՝ 2018-ին վերջինս գտնվում էր Մոսկվայում և զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հետևաբար, ըստ պաշտպանական կողմի, նա ուներ դիվանագիտական անձեռնմխելիություն, երբ կանչվել էր հարցաքննության և ձերբակալվել։

Պաշտպան Միհրան Պողոսյան «Գտնվելով ոչ մի վայրում, ոչ Հայաստանում, ոչ Հայաստանի տարածքում, արձակուրդում չէր, նույնիսկ աշխատանքային այցով Հայաստանում չէր, ծանուցագրով հրավիրել են որպես վկա հարցաքննելու, նույն ձև, ոնց որ պարոն նախագահին արձակուրդի ժամանակ է ծանուցել, երբ որ պարոն Խաչատուրովը որպես վկա այցելել է հարցաքննվելու՝ առանց որևէ գործողություն կատարելու։ Այսինքն՝ ոչ թե հարցաքննության ընթացքում է խնդիր պարզվել, միանգամից մեղադրանք առաջադրվել»։

Մեղադրող կողմի դիրքորոշումն այլ է։ Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձեռնմխելիությունը կարգավորվում է կազմակերպության իրավական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրով։

Մեղադրող կողմը պնդում է, որ Խաչատուրովը Հայաստանի քաղաքացի էր, իսկ քրեական հետապնդման և խափանման միջոցի կիրառման ժամանակ Հայաստանում չէր գտնվում ՀԱՊԿ միջոցառման կամ գործուղման շրջանակում։ Հետևաբար, ըստ մեղադրանքի, այդ անձեռնմխելիությունը տվյալ դեպքում կիրառելի չէր։

«Յուրի Խաչատուրովը, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և կալանավորման, անձի նկատմամբ հետապնդում հարուցելու կամ խափանման միջոց ընտրելու ժամանակ Հայաստանում չի եղել գործուղման մեջ և որևէ միջոցառման մասնակցելու համար, ուստի նրա վրա չի կարող տարածվել դիվանագիտական անձեռնմխելիությունը հենց այդ պարզ պատճառով»։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին, որը նախատեսված է սեպտեմբերի 26-ին։

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նաև սեպտեմբերի 2-ից երկու ամսով կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործը։ Նա մեղադրվում է կաշառք ստանալու, գույքի հափշտակության, փողերի լվացման ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Խաչատրյանին դատարանի դահլիճ բերեցին պատգարակով։ Նրա պաշտպանները կալանավորման առաջին իսկ օրերից պնդում են՝ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ողնաշարի բարդ վիրահատություն է տարել, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել։

Խաչատրյանին զննելու համար Հայաստան է եկել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։ Վերջինիս, սակայն, դեռ թույլ չեն տվել քրեակատարողական հիմնարկ մտնել՝ գրավոր ծանուցման բացակայության պատճառով։

Գերմանացի բժիշկը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Այն ժամանակ նա մեզ ներկայացավ ողնաշարի ստենոզով։ Այդ ժամանակ դա մեկ մակարդակի խնդիր էր, և այն լուծելու համար որոշեցինք կիրառել նոր մեթոդոլոգիա՝ շարժունակության պահպանման մեթոդոլոգիան։ Հաջող վիրահատությունից հետո պարոն Խաչատրյանը դարձյալ հետազոտության վերադարձավ 2021 թվականին։ Մենք տեսանք, որ, ցավոք սրտի, ստենոզը վերադարձել է։ Սակայն այդ ժամանակ նրա ողնուղեղի շուրջ բավականին տարածք կար աշխատելու համար»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսներից մեկում անդրադարձել էր Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին՝ կոշտ ձևակերպմամբ․ «Երբ լինի ազատության մեջ, երբ իրավական սիմուլյանտության համար էլ պետք չլինի, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի»։

Գագիկ Խաչատրյանի գործով դատական լսման հերթական օրն այսօր է։ Նրան պատգարակով բերել են նիստերի դահլիճ։

Դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների գործով չորրորդ դատական նիստն է հրավիրել՝ այս անգամ Վաղարշապատում։

Ամենայն Հայոց կաթողիկոսը և վեց բարձրաստիճան հոգևորականներն այսօրվա դատական նիստին չեն ներկայացել։ Մայր Աթոռից հայտնել են, որ նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։ Դատավորը Սերժ Ռուշանյանն է, որը մեկ անգամ արդեն գործն ուղարկել էր Երևան՝ ընդդատության հարցը որոշելու, այսինքն՝ պարզելու, թե որտեղ պետք է ընթանա դատաքննությունը։

Սեպտեմբերի սկզբին Վճռաբեկ դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների քրեական գործը հետ ուղարկեց Արմավիրի մարզի դատարան։ Վճռաբեկը, մասնավորապես, որոշել էր, որ «քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին»։

Այս որոշումից հետո Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների գործը երկրորդ անգամ մակագրվեց Սերժ Ռուշանյանին։  

Պաշտպան Արա Զոհրաբյան. «Պաշտպանության կողմը գտնում է, որ առաջին մեղադրանքի ծավալում նկարագրված փաստական հանգամանքներն իրենց իսկ բովանդակությամբ չեն կարող կազմել Քրեական օրենսգրքի 500-րդ հոդվածով նախատեսված հանցանք, քանի որ մեղսագրվող գործողությունը՝ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը, հանդիսանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառապես ներքին հոգևոր-կանոնական կյանքի ոլորտին վերաբերող գործողություն»։

Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։ Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում։ Մայր Աթոռը, սակայն, նրան չվերականգնեց և կարգալույծ արեց՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն և դրանց նկատմամբ միջամտությունը եկեղեցու ինքնավարության խախտում է։

Leave a Comment