2026 թվականի ընդունելության պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի պետական և ոչ պետական բուհեր ընդունվել է շուրջ 11 հազար դիմորդ՝ հայտագրվածների 69 %-ը և դպրոցական շրջանավարտների 49 %-ը։ Այսինքն՝ գրեթե ամեն երկրորդ շրջանավարտ այս տարի դարձել է ուսանող։ Սակայն ընդունվածների թվի հետ մեկտեղ ուշագրավ է նաև նրանց ուսման ֆինանսավորման պատկերը․ ընդունվածների 81%-ը՝ գրեթե ամեն հինգից չորսը, սովորելու է վճարովի համակարգում։
Որքանով է վճարովի բարձրագույն կրթությունը հասանելի ուսանողի ու նրանց ընտանիքի գրպանին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում ուսանողներից մեկն անկեղծանում է՝ մասնագիտություն ընտրելիս, իր ցանկություններից զատ, ստիպված էր հաշվի առնել նաև ընտանիքի ֆինանսական հնարավորությունները։
«Իմ հետաքրքրությունների շրջանակում նայել եմ, թե որ մասնագիտության դեպքում ուսման վարձը համեմատաբար մատչելի կլինի։ Իհարկե, կուզեի ընտրել այն, ինչ իրականում ամենաշատն եմ ցանկանում, բայց վարձավճարը մեծ նշանակություն ունի»։
Վերջին տարիներին բարձրագույն կրթության արժեքը Հայաստանում շարունակաբար աճել է հատկապես ամենապահանջված մասնագիտությունների գծով՝ ՏՏ, իրավագիտություն, բժշկություն և տնտեսագիտություն։ Վարձավճարները հաճախ գերազանցում են միջին վիճակագրական ընտանիքի ֆինանսական հնարավորությունները։ Խնդիրը հատկապես զգալի է այն ընտանիքներում, որտեղ միաժամանակ մի քանի երեխա է պատրաստվում բարձրագույն կրթության։ Զրուցակիցս ասում է՝ իրենց ընտանիքը արդեն նման հարցի առաջ է .
«Փոքր քույրս էլ պետք է համալսարան ընդունվի։ Վարձավճարներն այնքան բարձր են, որ նույնիսկ մտածում ենք՝ գուցե ես նախ ավարտեմ համալսարանը, հետո նա ընդունվի, որպեսզի ընտանիքի ֆինանսական բեռը միանգամից այդքան մեծ չլինի։ Իրականում երկու հոգու ուսման վարձը միաժամանակ վճարելը մեր ընտանիքի համար բավականին ծանր է։ Եթե երկուսիս համար տարեկան մոտ 800 հազար դրամ կամ ավելի պետք է վճարվի, այդ գումարը ընտանիքս, ցավոք, չի կարող հոգալ։»։
Մյուս զրուցակիցս ԵՊՀ ուսանող է։ ԵՊՀ-ում ուսանողի հետ պայմանագիրը կնքվում է չորս տարով, և այդ ընթացքում ուսման վարձը չի փոփոխվում, ինչպես որոշ մասնավոր բուհերում։ Բայց, ասում է, անգամ այս դեպքում վճարը միայն ծնողների ուսերին թողնելը դժվար է։ Ուսմանը զուգահեռ ստիպված է աշխատել։
«Բայց սովորելուն զուգահեռ աշխատելը բավականին ազդում է ուսման վրա։ Ժամերը միշտ չեն հարմարվում, շատ հաճախ աշխատանքի եմ գնում հենց դասերի հաշվին, կամ աշխատանքից հետո չեմ հասցնում սովորել ու ամբողջությամբ յուրացնել նյութը, որովհետև արդեն բավականին ծանրաբեռնված ես լինում»։
Ինչպես են փոխվել ուսման վարձավճարները վերջին տարիներին։ 2021-2022 ուսումնական տարում, օրինակ, ԵՊՀ տնտեսագիտության կրթական ծրագրի տարեկան վարձը կազմել է 720 հազար դրամ, 2022-2023-ին՝ 850 հազար, իսկ 2024-2025-ին հասել է 900 հազար դրամի։ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեպքում նույն ժամանակահատվածում վճարը 700 հազարից աճել է մինչև 900 հազար դրամ, միջազգային հարաբերությունների դեպքում՝ 780 հազարից մինչև 950 հազար դրամ։ Իսկ մասնավոր բուհերից, օրինակ, Հայաստանի Եվրոպական համալսարանի հրապարակած տվյալներով՝ բակալավրի մի շարք ծրագրերի, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, միջազգային հարաբերությունների, կառավարման, ֆինանսների և բանկային գործի, հոգեբանության և իրավագիտության տարեկան ուսման վարձը կազմում է մոտ 1 մլն 60 հազար դրամ։
Մյուս զրուցակիցս ասում է՝ բուհ ընդունվելը պարտադիր պայման չի համարում։ Թեև բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցել է, բայց նրան մտահոգել է չորս տարում վճարվելիք գումարը։
«Եվ ընտրեցի մասնավոր դասընթացների տարբերակը։ Մարքեթինգի ոլորտում ինձ հարմար դասընթաց գտա, որն իսկապես բավականին արդյունավետ էր։ Ավարտելուց հետո սկսեցի փոքր քայլերով մտնել աշխատաշուկա, իսկ հիմա արդեն ունեմ կայուն եկամուտ, լավ վարձատրվող և, ամենակարևորը, սիրելի աշխատանք»։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ՝ հասարակության մեջ աստիճանաբար փոխվում է բարձրագույն կրթության ընկալումը։ Բուհն այլևս միանշանակ չի դիտարկվում որպես հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու ճանապարհ։
«Շատերը չեն ուզում չորս-վեց տարի ծախսել բուհում սովորելու վրա և այդքան գումար վճարել։ Փոխարենը գնում են կարճաժամկետ դասընթացների, օրինակ՝ չորս-վեց ամիս սովորում են, ստանում են անհրաժեշտ գիտելիքները և հետո արդեն աշխատանքի են անցնում իրենց գործատուի մոտ»։
Մեկ այլ կարևոր հարց էլ կա․ որոշ բուհեր առաջարկում են կրթաթոշակներ, սակայն դա էլ միշտ չէ, որ բավարար խթան է՝ ընտրելու տվյալ մասնագիտությունը։ Պատճառը, ըստ փորձագետի, աշխատաշուկայի պահանջարկն է։
«Դրանք ագրարային, գյուղատնտեսական մասնագիտություններն են, ուսուցչի մասնագիտությունն է, որոնց շատերը նույնիսկ կրթաթոշակի պայմաններում չեն դիմում և չեն ընդունվում։ Բնագիտական մասնագիտություններն են՝ օրինակ՝ քիմիան, ֆիզիկան, որտեղ նույնպես, ցավոք, դիմորդները քիչ են։
Մտահոգություններ կան, որ մի քանի տարի հետո կարող է այլևս չլինել այն մասնագետը, որը նոր եկած մասնագետին կկարողանա ինչ-որ բան սովորեցնել։
Այս խնդրի լուծման նպատակով պետությունը փորձում է անվճար տեղերի բաշխմամբ խթանել աշխատաշուկայի և երկրի զարգացման համար առաջնահերթ համարվող ուղղությունները։ 2026-2027 ուսումնական տարվա համար նախատեսվել է լիովին փոխհատուցվող 2900 տեղ, որից 2109-ը՝ Հայաստանի բուհերում։ ՀՀ բուհերի այդ տեղերից մոտ 1300-ը նախատեսված է STEM ուղղությունների համար։ Միաժամանակ նախատեսվել է 11 հազար վճարովի տեղ։