Գևորգ Գրիգորյանի տրակտորը գրեթե 45 տարեկան է։ Խոտհնձի սեզոնից առաջ ողջ տարի այն նորոգում է, որ սարերի դժվար ճանապարհներին չկանգնի։ Հին տրակտորի համար պահեստամաս գտնելը հեշտ չէ, նոր տեխնիկան էլ թանկ է։ Բայց Գևորգն ասում է՝ իր սար ու ձորերին այս տեխնիկան է պետք։ Այս տարի, սակայն, նույնիսկ սարքին տեխնիկան գրեթե մեկ ամիս սպասեց, մինչև դաշտ մտնի։ Եղանակը մոտ 1 ամիս սպասման մեջ պահեց գյուղացուն։
Կոմբայնները հազիվ էին մտել դաշտեր, երբ անձրևները սկսվեցին։ Հնձած խոտը մնաց դաշտում, թրջվեց, սևացավ, դարձավ անորակ։ Հիմա Ամասիայում արևոտ օրերն են հաշվում՝ ինչ հասցնեն, հասցնեն հնձեն, գյուղ բերեն։
Գևորգ Գրիգորյանը մեխանիզատոր է։ Իր հին տրակտորին վստահում է, բայց այս տարի եղանակի հետ ոչ մի տեխնիկա չի կարողացել մրցել։
«էս տարի եղանակները շատ-շատ խանգարեցին: Օրինակ՝ եթե անցած տարվա հետ համեմատենք, համարյա մեկ ամսվա տարբերություն կա, մի ամիս առաջ մենք պրծել էինք մեր գործերը,:Արդեն հոկտեմբեր կմտնինք, սեպտեմբերն ենք, մենք չենք պրծել գործերը մեր»։
Գևորգն ասում է՝ իր տեխնիկան՝ տրակտորն ու հակ կապող սարքը, սովետից են մնացել։ Սեզոնին ընդառաջ ամիսներով նորոգում է մեքենան։ Հին տեխնիկայի մասերն այսօր դժվար է գտնել, բայց նոր տրակտոր գնելը գրպանին չի հասնում։ Այլ խնդիր էլ կա․ նոր տեխնիկան միշտ չէ, որ դիմանում է այս սարերում։
«Ես գոհ եմ էս տեխնիկաներից: Ճիշտ է, ես աշխատանքներ կենեմ մինչև էս սեզոնը, խոտքաղը մեր ըսած, ահագին ռեմոնտներ, սարքել պատրաստել, օր ելնինք անխափան սկսենք մենք մեր աշխատանքները: Մի երկու տեսակ նորագույն տեխնիկա տեսել եմ ես, հեկտարը տվավ 300 տուկ խոտ, էն մեր ըսած փալան խոտը, թաց: Էտ տեխնիկան կմտածեմ, օր այդտեղ չէր կրնա աշխատեր դիմանար»։
Սարերում խոտհունձը հեշտ չէ։ Դաշտերը հարթ չեն, տեխնիկան աշխատում է բարձրադիր ու դժվարանցանելի տեղանքում։ Վարորդի փոքր անուշադրությունն անգամ կարող է վտանգավոր լինել։ Տարիներ առաջ խոտը հիմնականում ձեռքով էին հնձում։ Տեղի բարբառով ասած՝ քաղվորները գերանդիներով էին դաշտ գնում, հնձած խոտը կանայք էին հավաքում։ Հիմա դաշտերում այդ տեսարանը գրեթե չկա, տեղացիների ասած՝ խոտի բուլուլներ գրեթե չկան: Ծանր աշխատանքը տեխնիկան է անում։
«Ձեռով, գերանդիով, մի ամիս տևեր գը խոտքաղը, բայց հիմի մի շաբաթ: Դժվար էր,տանջանք է :Ճիշտ է՝ ավելի ուրախ, ավելի ոգևորված կելնեինք գործի, բայց դժվար էր ամեն դեպքում»։
Այս տարի խոտն առատ է։ Մեկ հեկտարից միջինը 80-120 հակ են ստանում։ Բայց սարից բերքը գյուղ հասցնելը դեռ գործի կեսն է։ Պետք է նաև վաճառել։ Մեկ հակ խոտը դաշտում վաճառվում է 350-400 դրամով։ Դիզվառելիքը թանկացել է, իսկ գնորդները պակասել են։ Գյուղացիների խոսքով՝ հիմնական պատճառը անասնագլխաքանակի նվազումն է․ եթե անասուն քիչ են պահում, խոտի կարիքն էլ է նվազում։ Կոմբայնավար Արա Հարությունյանը իր վիճակագրությունն ունի․
«Գլխաքանակը պակսավ, մարդիկ թողեցին անասնապահությունը, հմի չեն զբաղվի անասնապահությամբ: Ովքեր օր անասուն չունին, էտ խոտը իրանք քաղում են հիմնականում վաճառքի համար, իսկ քանի որ էսօր էլ անասնապահությունը չկա, հետևաբար խոտ առնողն էլ չկա: Նաև շատերը արդեն ճիշտ գյուղատնտեսություն են վարում, ցանովի խոտհարքեր ունեն, հողեր են առնում ավելի բերրի»։
Վերջին տարիներին լեռնային շրջաններում ընդլայնում են վարսակի ցանքերը։ Սա ավելի սննդարար անասնակեր է, քան սարի խոտը։ Խնդիր է մնում նաև հողի մասնատվածությունը։ Փոքր հողակտորների վրա աշխատելը դժվար է, իսկ հողերի միավորմամբ հնարավոր է ավելի առատ բերք ստանալ։ Ոչ պակաս կարևոր է խոտունձը ճիշտ կազմակերպելը։ Հին ու մաշված տեխնիկան երբեմն խոտը չափից բարձր է կտրում, կերի որակն այդպես ընկնում է։ Արա Հարությունյանը բացատրում է․
«Երբեմն շատ բարձր է քաղվում, իսկ էտ խոտի վիտամինային պարունակությունը ավելի արմատին մոտ է, այսինքն հողից դուրս եկող հատվածից 2-10 սմ-ի վրա է իրա վիտամինային պարունակությունը: Եթե բարձր խոտհունձ իրականացրիր, ինքը կերի համար ոչ ճիշտ կեր է»։
Գյուղացիներն իրենց ունեցածով են շարունակում հող մշակել ու հունձ անել։ Ոմանք օգտվում են նաև պետական աջակցության ծրագրերից։ Նախորդ տարվա աշնանացան ցորենի մեկ հեկտարի դիմաց հողագործներին փոխհատուցվել է 70-80 հազար դրամ։ Սա լրացուցիչ աջակցություն է հաջորդ տարվա ծանր սեզոնին ընդառաջ՝ ասում են։
Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ, ըստ պաշտոնական տվյալների, Շիրակում ընդլայնվում են նաև հացահատիկի ցանքերը։ Իսկ Ամասիայի ու Աշոցքի բարձրադիր դաշտերում այս սեզոնը դեռ չի ավարտվել։ Գևորգն ու մյուսներն աշխատում են արևոտ ամեն օրն օգտագործել, որ սարերի խոտը մինչև հերթական անձրևը հասցնեն գյուղ։