Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ Եվրոպայի և Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային հարձակումների սպառնալիքն ուժգնացել է, գրել է BBC-ին։
Ելիսեյան պալատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտնել է, որ հանձնարարել է Ֆրանսիայի կառավարությանը ծրագիր մշակել՝ այդ սպառնալիքի պայմաններում պաշտպանելու կենսական նշանակության ենթակառուցվածքներն ու պաշտպանական արդյունաբերության օբյեկտները։
Նա նշել է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիան ենթարկվել է Ռուսաստանի հիբրիդային հարձակումների, որոնք «առանց արձագանքի» չեն մնա։
Եվրոպացի առաջնորդներից շատերն են նախազգուշացրել, որ Ռուսաստանը կարող է հարձակումներ նախապատրաստել՝ ստուգելու համար նրանց հանձնառությունը Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում։
Մակրոնը հիշեցրել է անցյալ ամիս Գերմանիայի Լայպցիգ քաղաքի օդանավակայանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակումը, որի համար մեղադրում են Ռուսաստանին, ինչպես նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածներ հասցնել Լեհաստանին և ՆԱՏՕ-ի արևելյան թևի այլ երկրներին։
«Վերջին շաբաթներին ուժգնացել է եվրոպացիների և Ֆրանսիայի դեմ ուղղված ռուսական հիբրիդային սպառնալիքը»,- ասել է նա։
«Նպատակը մեզ ահաբեկելն է և Ուկրաինային աջակցելու մեր ջանքերը խաթարելը։ Արդյունքը լինելու է ճիշտ հակառակը։ Մենք չենք վախենում, քանի որ գիտակցում ենք՝ Ուկրաինայում վտանգված է մեր այսօրվա և վաղվա անվտանգությունը»։