
Ընթանում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատավարությունը։
Դատավոր Վարդգես Ստեփանյանն այսօր ևս հրաժարվեց թույլատրել լրագրողներին նկարահանել դատական նիստը: Սա այն դեպքում, երբ աչքերը փակ դատարանում պատգարակի վրա պառկած Խաչատրյանը դատավորի հարցին ի պատասխան ցածր ձայնով ասաց, որ համաձայն է նկարահանմանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, թե դատարանն այս կերպ խոչընդոտում է հրապարակային դատաքննությանը։
Նիստին ներկա է նաև Խաչատրյանին վիրահատված գերմանացի պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը, որին դատավորն արգելեց զննել Խաչատրյանին։ Գերմանիայից ժամանած պրոֆեսորին այսօր արգելել էին տեսակցել Խաչատրյանին բանտում։ Ըստ փաստաբանի, պատասխանել են, թե պրոֆեսորն այս այցելության համար չի ստացել Առողջապահության նախարարության թույլտվությունը։
Նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե իրենց մերժման հարցերին կպատասխանեն գրավոր բանակի դեպքում։
Դատախազը գույքային հայց ներկայացրեց ՊԵԿ նախկին ղեկավարի դեմ։ Գևորգ Սարգսյանը նշեց, որ նախկին պաշտոնյայի կողմից պետությանը պատճառվել է ավելի քան 10 միլիարդ դրամի վնաս։ Միջնորդեց նրանից բռնագանձել այդ գումարը։ Փաստաբան Երեմ Սարգսյանն անհիմն որակեց այս պահանջը։
Փաստաբանը միջնորդեց հետաձգել նիստը՝ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառով, բայց դատախազը հակադարձեց՝ «ունենք փորձաքննություն, որ Խաչատրյանը կարող է մասնակցել նիստին»:
Սեպտեմբերի 10-ին դատական նիստին ևս Գագիկ Խաչատրյանը մասնակցում էր մասնակցում էր պառկած և աչքերը փակ։ Այս նիստին ևս տեսանկարահանումն արգելվել էր։
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին։ Նա մեղադրյալ է միանգամից մի քանի գործերով. կա մի գործ, որը քննվում է դեռևս 2019 թվականից՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փողերի լվացման հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ կապված։ Հենց այդ գործով էր այսօրվա դատական նիստը։
Արդեն օգոստոսի 29-ին գումարվեց ևս մեկ գործ՝ փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու, խոշոր չափով կաշառք ստանալու հետ կապված, որի շրջանակներում էլ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց։