Սեպտեմբերի 18-ը՝ ջրի մոնիթորինգի համաշխարհային օր

Սեպտեմբերի 18-ը ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու ջրային ռեսուրսների մշտադիտարկման կարևորությունը՝ դրանց վիճակը գնահատելու, փոփոխությունները բացահայտելու և արդյունավետ կառավարումն ապահովելու համար։

Հայաստանում ջրային ռեսուրսների ուսումնասիրությունն ունի ավելի քան մեկուկես դարի պատմություն։ Իսկ այսօր ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիթորինգն իրականացնում է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը։

Մակերևութային ջրերի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 6 ջրավազանային կառավարման տարածքները՝ Հյուսիսային, Ախուրյան, Հրազդան, Սևան, Արարատյան և Հարավային։

Մոնիթորինգի դիտացանցում ներառված են գետերը, ջրամբարները, Արփա-Սևան ջրատարը և Սևանա լիճը։

Մոնիթորինգը ներառում է դաշտային դիտարկումներ և չափումներ, ջրի նմուշառում, նմուշների լաբորատոր հետազոտություններ և ստացված արդյունքների վերլուծություն։

Դաշտից՝ լաբորատորիա, իսկ լաբորատոր արդյունքից՝ գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն մեր ջրերի մասին։

Յուրաքանչյուր նմուշ, յուրաքանչյուր չափում և յուրաքանչյուր վերլուծություն օգնում է ավելի լավ հասկանալ մեր ջրերի վիճակը, ժամանակին բացահայտել փոփոխությունները և աջակցել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։

«Շնորհավորում ենք ջրային ռեսուրսների մոնիթորինգի ոլորտում աշխատող բոլոր մասնագետներին և շնորհակալություն հայտնում նրանց ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Leave a Comment