Anthropic-ը գաղտնի լաբորատորիա է ստեղծել

Anthropic-ը գաղտնի լաբորատորիա է ստեղծել

Արհեստական բանականության ոլորտում գործող Anthropic ընկերությունը Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում ստեղծել է փորձարարական լաբորատորիա, որտեղ ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում։

Ընկերությունն այսպիսով ընդլայնում է իր գործունեությունը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները դեղագործության և կենսաբժշկության ոլորտներում կիրառելու ուղղությամբ։

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Anthropic-ը լաբորատորիան ստեղծել է առանց դրա մասին լայնորեն հրապարակային հայտարարությունների։ Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր հազվագյուտ հիվանդությունների բուժման նոր մեթոդներ մշակելու իր մտադրության մասին, իսկ կենսաբանության ոլորտում դրա աշխատանքը արդեն դուրս է եկել միայն համակարգչային մոդելավորման և հաշվարկային գնահատումների շրջանակից։

Anthropic-ի կենսաբանական գիտությունների ստորաբաժանման ղեկավար Էրիկ Քաուդերեր-Աբրամսը Reuters-ին երեքշաբթի հաստատել է, որ ընկերությունն ունի փորձարարական հետազոտություններ իրականացնող լաբորատորիա։

«Մենք կարծում ենք, որ կենսաբանական հետազոտությունների վերջնական ստուգումը դեռևս և առաջիկա որոշ ժամանակ շարունակ պետք է իրականացվի իրական լաբորատոր պայմաններում»,— ասել է նա։

Քաուդերեր-Աբրամսի խոսքով՝ Anthropic-ն արդեն իրականացնում է նման հետազոտություններ։ Նա ընկերության մոտեցումը համեմատել է կենսատեխնոլոգիական ընկերությունների գործելակերպի հետ, երբ աշխատանքների մի մասն իրականացվում է սեփական լաբորատորիաներում, իսկ մյուս մասը՝ արտաքին գործընկերների հետ համագործակցությամբ։

Ավելի ուշ Anthropic-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ընկերության լաբորատորիան բացառապես դեղամիջոցների մշակմամբ չի զբաղվում։

Այլ մանրամասներ ընկերությունը չի հայտնել։

 

Leave a Comment