Էդգար Ամիրխանյան
«Ռադիոլուր»-ի համար
Մետաղյա ոսկեգույն կտորները վերածվում են կենդանի պատմության։ Այստեղ՝ «Արմինյան Քոինս» ընկերության արտադրամասում, հայկական դարավոր մշակույթն ու ճարտարապետությունը մետաղի վրա ստանում են նոր կերպ: Ընկերությունը մասնագիտացած է բարձրարժեք հուշամեդալների արտադրության մեջ, որոնցից յուրաքանչյուրն արվեստի փոքրիկ գործ է:
Անուշ Նիկողոսյան, «Արմինյան Քոինս» ընկերության հանրային կապերի պատասխանատու․
—Մինչև առայսօր հասել ենք բարդ, շատ բարդ ճանապարհներով՝ Քովիդ, պատերազմ, էլի շատ ծանր օրեր: Այսօր հրաշալի ներկայանում ենք, հրաշալի գործընկերներ ունենք, հրաշալի սպառողներ ունենք: Հա՛, տառա՛հաճ, շնորհակալ եմ բոլորից, որոնք և՛ տեղացիներ են, և՛ զբոսաշրջիկներ են, և՛ առհասարակ այնպիսի անհատներ, մարդիկ, ովքեր որ կարևորում են պատմությունը, մշակույթը, կարևորում են մշակույթի և պատմության տարածումը: Այդ տարածումից ելնելով էլ մենք կարգախոս ենք մեզ համար ստեղծել՝ դարձիր մշակույթի կրող և տարածի՛ր քո պատմությունը:
Աշխատանքի հիմքում ծայրահեղ ճշգրտությունն է ու հարգանքը պատմության հանդեպ: Ընկերության հիմնական այցեքարտը Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պատկերներով հուշամեդալներն են: Հայոց եկեղեցիներն ու խաչքարերը, պատմամշակութային հուշարձաններն ու այլ խորհրդանշական պատկերներ շնորհիվ վարպետների բարձրակարգ աշխատանքի՝ փորագրվում են ոսկու, արծաթի և բրոնզի մերակերեսին՝ պահպանելով ճարտարապետական ու գեղարվեստական յուրաքանչյուր մանրուք:
—Դիմերեսին տվյալ հուշակոթողի կամ հուշարձանի պատկերն է: Երկկողմանի հուշամեդալներ են, դարձերեսին՝ թվագրությունն է և անվանումը եռալեզու, որոնց հետ ունենք փոքրիկ թռուցիկներ երկլեզու առայժմ, և հուշամեդալների հետ տալիս ենք այդ թռուցիկները, որոնք գեղեցիկ ավանդազրույցներ են, էլի այսպես պատումիկներ են, որ հետաքրքրի բաներ են մարդկանց մեջ արթնացնում:

Այսօր ընկերության հավաքածուն ներառում է ավելի քան 75 տեսակի հուշանվեր-հուշամեդալ: Դրանք հասանելի են ոչ միայն առցանց, կարելի է ձեռք բերել նաև Հայաստանի տարբեր զբոսաշրջային և մշակութային վայրերում տեղադրված ինքնաշխատ սարքերից՝ Գեղարդում, Հաղարծինում, Գոշավանքում, Գառնիում, Սևանավանքում, տարբեր այլ եկեղեցիներում, ինչպես նաև Երևանի հաղթանակի զբոսայգում և կենդանաբանական այգում: Այցելուները կարող են անձամբ ընտրել և պատրաստել իրենց հուշամեդալները:
Անուշ Նիկողոսյան, «Արմինյան Քոինս» ընկերության հանրային կապերի պատասխանատու․
—Շուրջ 15 ինքնաշխատ սարքեր ունենք, որոնք դիզայնից նախագծելուց, իրեն ստանալուց, ամեն ինչը տեղի է ունենում Հայաստանում: Ունենք ինքնաշխատ սարքեր, առաջինը 2019 թվականին ենք ունեցել, առաջին հուշամեդալը Գեղարդս վանական համալիրի պատկերով հուշամեդալն է եղել, իսկ այսօր ունենք շուրջ 75 անուն հուշամեդալ: Այդտեղ կան հուշակոթողներ, վանական համալիրների պատկերներ, մեծանուն հայերի պատկերներ:
Այսպես այցելուն կարող է հենց այն վայրից, որտեղ եղել է, վերցնել տվյալ վայրի պատկերով հուշամեդալը՝ որպես հիշտակ կամ նվեր: Մի քանի տարբեր նմուշներ միասին արդեն վերածվում են Հայաստանի պատմամշակութային վայրերի մասին փոքրիկ մետաղական հավաքածույի:

Մերի Հարությունյան, «Արմինյան Քոինս» ընկերության վաճառքի գծով պատասխանատու․
—Մեր մեդալները ամեն Հայաստանի ամեն մի մարզի պատմական, ճարտարապետական կոթողների պատմություն են արտահայտում, և մենք նախապես ուսումնասիրելով այդ մարզը, այդ պատմությունը, այն զարդանախշերը, որոնք հատուկ են եղել այդ ռեգիոնում, այդ զարդանախշերը և պատմությունը փորձում ենք փոխանցել մեր հուշամեդալին:
«Արմինյան Քոինս»-ի արտադրանքն առանձնանում է ոչ միայն բարձր որակով, այլև յուրահատուկ մատուցմամբ: Ամեն հուշամեդալ ներկայացվում է հատուկ ձևավորված տուփով, իսկ որոշ նմուշներ՝ համապատասխան հավաստագրով, ինչը դրանք դարձնում է հիշարժան նվերների տարբերակ՝ թե՛ Հայաստան այցելած զբոսաշրջիկների, թե՛ տարբեր առիթների, թե՛ հայկական մշակույթի սիրահարների համար: Ընկերությունն իր արտադրանքը դիտարկում է նաև որպես պատմական, մշակութային և ազգային ժառանգությունը տարածելու միջոց:
—Մեր հուշամեդալները ծառայում են տվյալ ընկերության, տվյալ կազմակերպության պատմությունը իրենց գործունեությունը թե՛ ձևավորելու, թե՛ տարածելու: Ընդգծվում է այդ կարևորությունը հենց մեր հուշամեդալների միջոցով, այսինքն՝ հուշամեդալի վրա հայտնվում է այնպիսի խորհրդանիշ, որը ներկայացնում է տվյալ կազմակերպության առաքելությունը կամ նպատակը:
«Արմինյան Քոինս»-ի հուշամեդալները պարզապես մետաղական ձուլվածքներ չեն: Դրանք պատմամշակութային ժառանգության պատկերներ են՝ յուրօրինակ մատուցմամբ: Պատմությունը դրանց միջոցով կարելի է ոչ միայն տեսնել, այլև պահել ձեռքում, նվիրել ու փոխանցել: