Հայ հոգևոր առաջնորդները, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Քննարկումը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում։ Հանդիպումը կազմակերպվել է դեսպանության և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի համագործակցությամբ։
Կողմերը նաև անդրադարձել են հայ-ամերիկյան քրիստոնեական և քաղաքակրթական կապերին, կրոնական ազատություններին, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։
Դեսպանության հաղորդմամբ՝ ընդգծվել է ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման և խաղաղության հաստատման գործում հավատքի ու հոգևոր արժեքների նշանակությունը։
Հայ հոգևոր առաջնորդները հավաքական աղոթք են հնչեցրել Հայաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների բարօրության ու ապագայի, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամության համար։
Աղոթքում նրանք անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով Թրամփի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։
Հայ հոգևոր առաջնորդներից հանդիպմանը ներկա էին Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ-Քեյնը, գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանն ու Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը և Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Հայ հոգևոր առաջնորդների հանդիպումները ԱՄՆ նախագահների հետ տասնամյակների պատմություն ունեն։ 1983 թվականին Ռոնալդ Ռեյգանն Օվալաձև աշխատասենյակում ընդունել էր Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսին, 1989 թվականին Ջորջ Բուշ ավագը՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին, իսկ 1996 թվականին Բիլ Քլինթոնը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսին։