Երևանի կողմից իրականացվող «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները:
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նախօրեին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել էր, որ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում է ոչ բարեկամական գիծ և բացահայտ երկակի ստանդարտներ, և այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների ու ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, այլ կերպ, քան «ռեյդային զավթում», դժվար է անվանել։
«Հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,- լրագրողներին ասել է Շևցովը։
Նրա խոսքով՝ շրջանառության մեջ են դրվում այդ ձեռնարկությունների թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության, գործունեության հետևանքով հասցվող բնապահպանական վնասի, ինչպես նաև աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին թեզերը։
«Դա արվում է ռուսական ակտիվների արժեքը նվազեցնելու և սեփականատերերին դրանցից հրաժարվել ստիպելու նպատակով»,- պարզաբանել է Շևցովը։