ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է ներկայացված միջնորդությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը։ Սեպտեմբերի 18-ին քննվելու է նաև ՀՀ նախկին պաշտպանության նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։
«Դատարանը որոշեց մերժել, քանի որ քրեական հետապնդումը Գևորգյանի նկատմամբ սկսվել է մինչև նրա պատգամավոր դառնալը»,- ասել է դատավորը:
Փաստաբան Լուսինե Սահակյանն առարկել է՝ պնդելով, որ որոշման մեջ անդրադարձ է կատարվել միայն ՀՀ ԱԺ պատգամավոր լինելու հանգամանքին, մինչդեռ անտեսվել է նաև ԵԽԽՎ պատվիրակության անդամ լինելու փաստը։ Սահակյանը շեշտել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե նախորդ նիստը չի եղել, իսկ դատավորը հաշվի չի առել այդ միջնորդությունը։
Նախորդ դատական նիստը կայացել է հուլիսի 17-ին։ Այդ օրը ավելի քան 2 ժամ տևած միջնորդության քննության ընթացքում փաստաբանները մեջբերել են ՀՀ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռները։ Նրանք նաև հիշեցրել են, որ Արմեն Գևորգյանն օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ և ԵԽԽՎ պատվիրակության անդամ է՝ պնդելով, որ ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։
Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին։ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը Սահմանադրությանը հակասող է համարել, որից հետո գործը կարճվել է։ Սակայն 2023 թվականին գործը վերաբացվել է, իսկ նոր ընդունված Քրեական օրենսգրքում միաժամանակ նոր հոդված է ներմուծվել՝ նոր մեղադրանք առաջադրելու համար։