Բաքվում ապօրինի կալանավորրված Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը հրապարակային դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ հայտարարելով Ումբակի քրեակատարողական հիմնարկում իր և այնտեղ պահվող ևս 18 հայի իրավունքների խախտումների մասին։
Նա Ալիևային կոչ է արել հանդիպել հայերի հետ և ապահովել հենց Ադրբեջանի օրենսդրությամբ սահմանված նրանց իրավունքները, արձագանքել բարձրացված խնդիրներին։
«Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»,- ասել է Վարդանյանը սեպտեմբերի 16-ի ուղերձում։
Նրա խոսքով՝ չի գործում նաև Ադրբեջանի ՄԻՊ-ի թեժ գիծը։ Վարդանյանը հայտնել է, որ իրեն միայն մեկ անգամ՝ հունիսի 19-ին, թույլատրել են զանգահարել այդ համարով, սակայն ՄԻՊ գրասենյակից պատասխան չի ստացել։ Նրա փաստաբանի հաղորդագրությունը ևս, ըստ Վարդանյանի, մնացել է անպատասխան։
«Սա նշանակում է, որ թեժ գիծը պարզապես իմիտացիա է, այն չի աշխատում»,- հայտարարել է նա։
Նա իր նշած խախտումները համադրել է Ադրբեջանի Պատիժների կատարման օրենսգրքի և դատապարտյալների իրավունքների մասին գրքույկի դրույթների հետ։ Գրքույկը, նրա խոսքով, ապրիլին իրենց տրամադրել էր հենց Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը։
Վարդանյանը, մասնավորապես, հայտնել է, որ ոչ բոլոր 19 հայերն են կարողանում օգտվել ամենշաբաթյա հեռախոսազանգի իրավունքից, իսկ տեսազանգերը հասանելի չեն։ Նրա խոսքով՝ բանտարկյալներից ոմանք մոտ երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին։
«Իմ խցակցի երեխան 10 ամսական էր, երբ նրան ձերբակալեցին, իսկ հիմա արդեն երեքուկես տարեկանից մեծ է։ Սա նշանակում է, որ երեխան պարզապես չի տեսել իր հորը»,- ասել է Վարդանյանը՝ դա որակելով երեխաների հետ տարրական կապի իրավունքի կոպիտ խախտում։
Նա նաև հայտարարել է, որ չի կարողանում ստանալ քրեակատարողական հիմնարկում իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություն, օգտվել նոտարական ծառայություններից և լիազորագիր ձևակերպել ընտանիքի անդամների անունով։
Վարդանյանի խոսքով՝ իրեն չեն թույլատրում նաև բժշկական հետազոտություններ հանձնել նույնիսկ սեփական միջոցներով՝ չնայած առողջական խնդիրներին և իր ու փաստաբանի ներկայացրած դիմումներին։
Նա նշել է նաև ֆիզիկական ակտիվության սահմանափակումները։ Ըստ Վարդանյանի՝ օրենսդրությամբ նախատեսված օրական առնվազն մեկ ժամ մարզվելու հնարավորության փոխարեն իրենց թույլատրվում է մարզվել շաբաթական մեկ անգամ՝ 20 կամ 40 րոպե։
Վարդանյանը հայտնել է, որ չի կարողանում շարունակել կրթությունը, իսկ իր դիմումների, բողոքների և առաջարկների վերաբերյալ որևէ գրավոր պատասխան չի ստանում։
Առանձին նա անդրադարձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո ստեղծված իրավիճակին։ Վարդանյանի խոսքով՝ հայ բանտարկյալները կորցրել են ընտանիքների հետ կապի կարևոր ուղին, իսկ նրանց մեծ մասը չի կարողանում ծանրոցներ ստանալ։ Ոմանք, ըստ նրա, նույնիսկ գումար չունեն բանտային խանութից սնունդ գնելու կամ հեռախոսազանգեր կատարելու համար։
«Դա, կարծում եմ, վատ է ազդում նրանց ընդհանուր հոգեբանական վիճակի վրա»,- շեշտել է նա։
Վարդանյանը հիշեցրել է նաև իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնության մասին։ Նրա խոսքով՝ Զոնաբենդը պատրաստ էր մեկնել Բաքու, հանդիպել ՄԻՊ-ի և հայ դատապարտյալների հետ ու նրանց փոխանցել ավելի քան հազար նամակ և անհրաժեշտ իրեր, սակայն այդ առաջարկին պատասխան չի տրվել և այլընտրանքային տարբերակ չի առաջարկվել։
Վարդանյանը նշել է, որ ստեղծված պայմաններում Ադրբեջանի ՄԻՊ-ը կարող է «մարդասիրական կամուրջ» դառնալ 19 հայի և նրանց ընտանիքների միջև։
«Համոզված եմ, որ այս բոլոր հարցերի լուծումը չի պահանջում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության անմիջական միջամտությունը և միայն կնպաստի մեր երկու ժողովուրդների հարաբերությունների բարելավմանը՝ չնայած ծանր անցյալին և փոխադարձ վիրավորանքների հսկայական բեռին»,- ասել է Վարդանյանը։
Զոնաբենդը Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար հուլիսին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Նա խնդրել էր աջակցություն ցուցաբերել այցի կազմակերպման և պատվիրակության անդամների անվտանգության ապահովման հարցում։
Զոնաբենդն ավելի ուշ՝ սեպտեմբերի 8-ին, դիմել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով իրեն և Բաքվում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Ադրբեջան հնարավոր այցի պատվիրակության կազմում։ Նա նաև խնդրել էր հնարավորություն ստեղծել Բաքվում պահվող հարազատների հետ հանդիպելու համար։
