
Ամենայն Հայոց կաթողիկոսը և վեց բարձրաստիճան հոգևորականները այսօրվա դատական նիստին չեն ներկայանա:
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր 15:00-ին Էջմիածնում նախատեսված դատական նիստին նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։
Գործը կքննի Սերժ Ռուշանյանը, որը մեկ անգամ գործն ուղարկել էր Երևան:
Սեպտեմբերի սկզբին Վճռաբեկ դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց եպիսկոպոսներին առնչվող քրեական գործը ուղարկեց հետ՝ Արմավիրի մարզի դատարան: Վճռաբեկը մասնավորապես որոշել է, որ «քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին»:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էր դիմել Վճռաբեկ դատարան՝ վարույթի տարածքային ընդդատության հարցը վճռելու համար:
Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: