Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները երկրորդ հաղթանակներն են տարել Սամարղանդում անցկացվող շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Շոտլանդիայի թիմին։ Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը հաղթել են իրենց պարտիաներում, իսկ Հայկ Մարտիրոսյանի պարտիան ավարտվել է ոչ-ոքի։
Հայաստանի կանանց հավաքականը 3։1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի նկատմամբ։ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթել են իրենց պարտիաներում, իսկ Անահիտ Մկրտչյանը պարտվել է մրցակցին։ Հայաստանի երկու հավաքականներն էլ շախմատի օլիմպիադայում մեկնարկից հետո երկուական հաղթանակ ունեն։ Առաջին տուրում տղամարդկանց հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Բարբադոսի թիմին, իսկ կանանց հավաքականը՝ 3,5։0,5 հաշվով՝ Հոնկոնգի թիմին։ Սեպտեմբերի 18-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շվեդիայի, իսկ կանանց հավաքականը՝ Խորվաթիայի թիմի հետ։