Փոթորիկները, ջրհեղեղներն ու շոգը 2025-ին խաթարել են ավելի քան 171 միլիոն աշակերտի կրթությունը․ ՅՈՒՆԻՍԵՖ․ «Էկոսֆերա»

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած նոր վերլուծության համաձայն՝ 2025 թվականին ամբողջ աշխարհում նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի տարիքի ավելի քան 171 միլիոն աշակերտի՝ յուրաքանչյուր տասներորդի կրթությունն ընդհատվել է կլիմայական վտանգների հետևանքով։

«Միլիոնավոր երեխաների համար կլիմայական վտանգները ոչ միայն ընդհատում են կրթական գործընթացը, այլև ավերում դպրոցները, ստիպում ընտանիքներին լքել իրենց բնակավայրերը։ Արդյունքում առավել խոցելի երեխաները, հատկապես՝ աղջիկները, կարող են ընդմիշտ դուրս մնալ կրթական գործընթացից»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։

Կլիմայական վտանգների հետևանքով դպրոցների աշխատանքի ընդհատման կամ փակման դեպքում աղջիկների՝ դպրոցից դուրս մնալու ռիսկն ավելի բարձր է։ Դպրոցների և սանիտարահիգիենիկ ենթակառուցվածքների վնասումը, տեղահանությունը և ընտանիքի եկամտի կորուստը կարող են աղջիկների վրա դնել ընտանիքի անդամների խնամքի և ջուր բերելու լրացուցիչ պարտականություններ։ Այս գործոնները կարող են նաև մեծացնել մանկական ամուսնության ռիսկը՝ ավելի դժվարացնելով աղջիկների վերադարձը դպրոց՝ դասերի վերսկսումից հետո։

Միևնույն ժամանակ, զեկույցում ներկայացված են արդեն իսկ կիրառվող գործնական լուծումներ, որոնք օգնում են պաշտպանել ուսումնառությունը կլիմայական վտանգների ազդեցությունից։ Դրանց թվում են՝

  • Կլիմայական դիմակայունության ներառումը կրթության ազգային պլանավորման մեջ,
  • Դպրոցական ենթակառուցվածքների ամրապնդումը,
  • Ընդհատումների ընթացքում և դրանցից հետո ուսումնառության շարունակականության ապահովումը,
  • Կլիմայական կրթության ներառումը ուսումնական ծրագրերում՝ երեխաներին և երիտասարդներին փոփոխվող աշխարհին հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելու նպատակով։

Leave a Comment