Լիլիթ Մուրադյան. «18 ամյակդ լրանալուն պես պետք է ծառայես այն բանակում, որի համար պատասխանատվություն ստանձնած իշխանություններին ընտրելու իրավունք ո՛չ դու ես ունեցել, ո՛չ ծնողներդ»
«Ազգի» օգոստոսի 8-ի, սեպտեմբերի 4-ի եւ 11-ի համարներում ներկայացրել ենք տարբեր երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Դանիայում բնակվող ՀՀ երեք քաղաքացու կարծիք, որ դեմ են 2026 թվականի հուլիսի 3-ին ՀՕ-361-Ն օրենքով ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որի համաձայն՝ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որ քվեարկության օրվան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են առնվազն 366 օր: Ստորեւ ներկայացնում ենք օգոստոսի 25-ին ուժի մեջ մտած օրենքի դեմ Նիդերլանդների Թագավորությունում բնակվող կենսաքիմիկոս, ֆինանսիստ աուդիտոր Լիլիթ Մուրադյանի կարծիքը, որ նախորդների՝ Եվա Հակոբյանի, Արմեն Գրիգորյանի, Բյուրակն Իշխանյանի նման պատասխանում է նույն հարցերին:
1-Ձեր մասին համառոտ տեղեկագիր. ի՞նչ նպատակով եք ՀՀ-ից դուրս բնակվում, մասնակցու՞մ եք Հայաստանի կյանքին, ինչպե՞ս:
2-Հունիսի 7-ի ընտրությանը մասնակցե՞լ եք: Եթե այո, ՀՀ եք մեկնել հատուկ ա՞յդ նպատակով: Նախորդ տարիներին մասնակցե՞լ եք ընտրություններին:
3- Ընտրություններին մասնակցելն իրավու՞նք է, թե՞ արտոնություն: Թե՞ երկուսը միաժամանակ:
4-ՀՀ քաղաքացիություն ունենալը արտերկրում բնակվողիդ ի՞նչ է տալիս:
5-Կարծում եք ճի՞շտ է հետեւյալ ձեւակերպումը՝ Երբ ես չեմ ընտրում, իմ փոխարեն ուրիշներն են որոշում քաղաքացիությամբ, անձնագրով ինձ շնորհված երկրի ներկան եւ ապագան:
6- Դուք ՀՀ-ում ունեք հաշվառում, բայց ամիսների ֆիզիկական բացակայության պատճառով զրկում են ընտրություններին մասնակցել. Դրանով ավելի շատ ՀՀ-ում ժողովրդավարությո՞ւնն են թուլացնում, սփյուռքի՞ դեմ են պատժամիջոց սահմանում,, թե՞ ձեզ առիթ են տալիս, որ 2 տարվա մեջ ավելի շատ լինեք այն երկրում, որի քաղաքացին եք (որ՝ առավել կապվեք):
7-Ընտրություններին մասնակցելու սահմանափակումը կարելի՞ է դիտարկել որպես պետության անվտանգության սպառնալիք: Եթե այո, հիմնավորեք:
8- Եթե ՀՀ-ն ընտրել է ԵՄ-ին մերձենալու ուղին, ապա այս սահմանափակումը հետընթաց չէ՞, կամ՝ ո՞ր երկրի օրինակին է հետեւում: (ԵՄ երկրների մի մասի քաղաքացիները ընտրությանը մասնակցում են նաեւ այլ երկրներում գտնվելով՝ քվեարկում են դեսպանություններում կամ փոստային առաքմամբ):
ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ– 1. Արդեն 18 տարի Նիդերլանդների Թագավորությունում եմ բնակվում: Արտերկիր ենք տեղափոխվել աշխատանքային հրավերով, բայց հրավերն ընդունելու պատճառը Հայաստանի ոչ դեմոկրատական, հետսովետական անօրինական բարքերը, տարածված կաշառակերությունը, գիտելիքի արհամարհումն են եղել: 2018-ի «հեղափոխությանը» նույնիսկ արտերկրում չեմ մասնակցել, որովհետեւ չեմ հավատացել դրան: Այդ փտած համակարգը ներսից շատ լավ ճանաչելով միշտ ասել եմ, որ այդ համակարգից ազնիվ մարդ դուրս չի գա, օձը եղնիկ չի ծնում: Այդուամենայնիվ, մարդկանց ոգեւորությունը տեսնելով, մտածում էինք հայրենիք վերադառնալու տարբերակների մասին: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ. սկսվեց COVID-19-ի համաճարակը, հետո՝ պատերազմը… Պատերազմն ինձ համար սարսափելի ապտակ էր, դրան գումարվեց Արցախի կորուստը, որ հասկացնել տվեց, թե ես էլ մեղքի իմ բաժինն ունեմ էս ամենում. Եթե ժամանակին չհեռանայի, մնայի ու պայքարեի, միգուցե կխուսափեինք պատերազմից կամ գոնե դրա՝ նման ելքից: Այս աղետից հետո, ի հեճուկս իմ գերծանրաբեռնված գրաֆիկի, ես զօր ու գիշեր աշխատում եմ, որպեսզի ամեն գնով, ինձ հասանելի բոլոր հնարավոր միջոցներով մասնակցեմ Հայաստանի կյանքին ու օգտակար լինեմ հայրենիքիս:
2. Ցավոք, անձնական խնդիրներով պայմանավորված՝ չեմ կարողացել մասնակցել: Նախորդ տարիներին նույնպես չեմ մասնակցել եւ միշտ ահազանգել եմ, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին դեսպանատներում ընտրելու հնարավորությունից զրկելը Հայաստանի անկախության տարիների ամենահակապետական որոշումներից մեկն էր:
3. Կասեի նույնիսկ պարտականություն է, ինչպես Նիդերլանդներում: Մի դեպք հիշեցի՝ խորհրդարանական ընտրությունների օրը հրավիրված էի աշխատանքային հարցազրույցի: Առաջին հարցը, որ ինձ տվեցին, հետեւյալն էր՝ արդյոք արդեն հասցրե՞լ եմ ընտրության մասնակցել: Ժամը 16:00-ն էր, բայց դեռ չէի մասնակցել: Դուրս գալիս նորից հիշեցրին, որ մինչեւ տուն գնալն անպայման մտնեմ ընտրատեղամաս, կատարեմ իմ քաղաքացիական պարտքը:
4. Հայրենիք ունենալու զգացողություն՝ հայրենիքի հանդեպ ահռելի պատասխանատվությամբ ու ազգային հպարտությամբ լեցուն:
5. Իհարկե, ճիշտ է: Կուզեի միայն մի ճշտում անել. ոչ թե ինչ-որ մի երկրի, այլ իմ հայրենիքի: Եւ դու 18 ամյակդ լրանալուն պես պետք է գնաս և ծառայես այն բանակում, որի համար պատասխանատվություն ստանձնած իշխանություններին ընտրելու իրավունք չես ունեցել: Քո ծնողներն էլ զրկված են եղել ընտրելու իրավունքից:
6. Կասեի՝ ճիշտ հակառակը: Դրանով ՀՀ իշխանությունները վանում են երիտասարդներին Հայաստանից, եւ արտերկրի հայերն իրենց «երկրորդ սորտի» հայ, օտար են զգում իրենց հայրենիքում, ավելի շուտ՝ զբոսաշրջիկ: Իրականում կարելի է ասել, որ կտրում են սփյուռքը Հայաստանից: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում «ժողովրդավարություն» կոչվածին, ապա այն վերջնականապես վախճանվեց 2018 թվականին:
7. Միանշանակ՝ պետության անվտանգության սպառնալիք է: Այն ամենը, ինչ կատարվում է ՀՀ-ում եւ նրա շուրջը, հատկապես 2018 թվականից հետո, սպառնալիք է Հայաստանի պետականության համար: Դրա վկայությունն են 2020 թվականին հրահրված պատերազմը, դրան հաջորդած Արցախի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը: Այսօր արդեն խոսվում է իրավական փաստաթղթերում գոյություն չունեցող «անկլավների» եւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հանձնման մասին:
Ըստ ՀՀ սահմանադրության՝ որեւէ իշխանություն իրավունք չունի հանձնելու ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ մաս: Դա պետական դավաճանություն է: Նման որոշումները, ինչպես նաեւ ցանկացած վերպետական նշանակության պայմանագիր, օրինակ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, պետք է դրվեն հանրաքվեի:
Սահմանադրության համաձայն՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի մեկ քառորդը (25%): Եթե առաջարկվող փոփոխության արդյունքում նվազի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, դա կարող է ազդեցություն ունենալ սահմանադրական 25% շեմի հաշվարկման վրա:
8. Չեմ կարծում, թե ՀՀ-ն ընտրել է ԵՄ-ին մերձենալու ուղին: Հակառակ դեպքում, վերջին ութ տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառությունը չէր հասնի աստղաբաշխական ծավալների, իսկ ԵՄ-ի հետ՝ չէր նվազի: Միջպետական հարաբերությունների հիմքում շահերն են: Եթե առևտրատնտեսական շահերն աճում են Ռուսաստանի հետ, ապա ինչպե՞ս կարելի է պնդել, որ ընտրվել է ԵՄ-ին «մերձենալու» ուղին: Ուստի սա եւս հերթական սուտ է, խաբկանք՝ հասարակության առավել անտեղյակ շերտերի համար:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա