
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին։
Բաց նամակում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրված ցուցադրությանը՝ նշելով․ «Ինձ համար, որպես ԵՄ 13 անդամ պետություններում հանձնախմբեր ունեցող եվրոպական հասարակական կազմակերպության նախագահ և պարզապես որպես եվրոպացի քաղաքացի, ով հավատում է, որ մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է, ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից։
«Մենք լիովին ընդունում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը պետք է շփվի բոլոր կողմերի հետ, և որ տարածաշրջանին անմիջականորեն ծանոթանալը կարևոր է։ Այնուամենայնիվ, էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբաջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը երեք տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման»: