ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Լիտվային հավաստիացրել է, որ շուտով կավելացվի բալթյան հանրապետությունում տեղակայված ամերիկյան զորակազմի թվաքանակը։ Այս մասին LRT ազգային ռադիոկայանին հայտնել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը, որը Վաշինգտոնում հանդիպել է Ռուբիոյի հետ։
«Մենք հավաստիացումներ ենք ստացել, որ այն ժամանակահատվածը, երբ ամերիկացի զինվորականների թիվը նվազել է, երկար չի տևի»,- ասել է նախարարը։
Հունիսի սկզբին ԱՄՆ-ը Լիտվայից դուրս է բերել երկրում ռոտացիոն կարգով տեղակայված գումարտակը։ Դրա փոխարինողը դեռ չկա։ Սակայն, ինչպես նշել է բալթյան հանրապետության բանակի հրամանատար, գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը, Լիտվայում մնացել են ԱՄՆ բանակի առաջապահ խմբերը, որոնց անձնակազմը վերահսկում է ամերիկացի դաշնակիցների համար կառուցված զորանոցներն ու տեխնիկական պարկը։
2019 թվականից բալթյան հանրապետությունում ռոտացիոն կարգով տեղակայվում էր ԱՄՆ բանակի ծանր գումարտակ՝ շուրջ 1000 զինծառայողով, Abrams տանկերով, Bradley հետևակի մարտական մեքենաներով և Paladin հրետանային համակարգերով։
2024 թվականի նոյեմբերին որոշում է ընդունվել ռոտացիան մշտական հիմունքներով իրականացնելու մասին, այսինքն՝ ստորաբաժանումների հերթափոխն իրականացնել առանց դադարների։