Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Գերմանիայի դեսպան Ակսել Վիլհելմ Դիտմանին՝ Գերմանիայի պաշտոնյաների «անպատշաճ հայտարարությունների» և դիվանագիտական առաքելության՝ հանրապետության ներքին գործերին միջամտելու կապակցությամբ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ դիվանագետին պաշտոնական բողոքը փոխանցել է ԱԳ նախարարի օգնական, ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի վարչության տնօրեն Ալիռեզա Յուսեֆին։
Հանդիպման ընթացքում Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մերժել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Թեհրանի հասցեին հնչեցրած, իրանական կողմի գնահատմամբ, անհիմն պնդումները և վճռական բողոք հայտնել Բեռլինի՝ տարածաշրջանային գործընթացների նկատմամբ «անհիմն և ապակառուցողական մոտեցման» դեմ։ Իրանական կողմն ընդգծել է Գերմանիայի ղեկավարության ներկայիս քաղաքական կուրսն անհապաղ վերանայելու և շտկելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, Յուսեֆին քննադատել է Գերմանիայի կողմից Իսրայելին ցուցաբերվող ռազմական և քաղաքական աջակցությունը՝ հայտարարելով, որ տարածաշրջանի ժողովուրդները Գերմանիայի իշխանություններին համարում են պաղեստինցիների դեմ իրականացվող հանցագործությունների մասնակից։
Գերմանիայի դեսպանատան ղեկավարը հավաստիացրել է, որ Իրանի արտահայտած բողոքը կփոխանցի իր երկրի կառավարությանը, ասվում է հաղորդագրության մեջ։