Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նոր՝ միասնական համակարգ ներդնել։ ՀՀ առողջապահության նախարարության մշակած նախագծով առաջարկվում է կիրառել տուժածների բժշկական տեսակավորման՝ տրիաժի միասնական համակարգ, ստեղծել գործողությունների ղեկավարման շտաբ, ինչպես նաև ապահովել բժշկական օգնության շուրջօրյա և համակարգված տրամադրումը։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի հիման վրա, որով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպման կարգերի հաստատման լիազորությունը։
Գործող օրենսդրությունը սահմանում է բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր սկզբունքներ, սակայն չի կարգավորում արտակարգ իրավիճակներին բնորոշ հետևյալ առանձնահատկությունները՝
1) մեծաքանակ տուժածների միաժամանակյա սպասարկումը,
2) տրիաժի կիրառումը,
3) բժշկական կազմակերպությունների պրոֆիլավորումը և ռեսուրսների օպերատիվ վերաբաշխումը,
4) կենտրոնացված կառավարումը։
Նախագիծը նպատակ ունի կարգավորել արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը՝ ապահովելով համակարգված, արագ և արդյունավետ արձագանք։
Նախագիծը ուղղված է նաև արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովմանը։
Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծի նպատակն է՝
սահմանել արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման միասնական մոտեցումներ,
1) ներդնել կառավարման ռեժիմ,
2) ապահովել պետական կառավարման համակարգի օպերատիվ կառավարումը,
3) կարգավորել բժշկական կազմակերպությունների ներգրավման և համակարգման մեխանիզմները,
4) բարձրացնել արձագանքման արդյունավետությունը։
Ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվում է՝
1) ներդնել կառավարման միասնական համակարգ,
2) ստեղծել գործողությունների ղեկավարման շտաբ,
3) կազմակերպել բժշկական օգնության և սպասարկման շուրջօրյա համակարգված տրամադրումը,
4) ապահովել պետական և մասնավոր հատվածների համատեղ ներգրավումը,
5) ներդնել տուժածների բժշկական տեսակավորման (տրիաժի) միասնական համակարգ,
6) կարգավորել բժշկական տարահանման գործընթացը։
Նախագծի ընդունումը կնպաստի արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի պատրաստվածության բարձրացմանը, արձագանքման արագացմանը և բնակչության առողջության առավել արդյունավետ պաշտպանությանը։
Նախագիծը կնպաստի նաև արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի կառավարման կանխատեսելիության և ռիսկերի նվազեցմանը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ծրագրային մի շարք փաստաթղթերից, մասնավորապես՝
1) Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան», որի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել բնական, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության մակարդակը,
2) ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է զարգացնել աղետների ռիսկի կառավարման արդյունավետ և ճկուն համակարգ՝ ապահովելով բնակչության, տնտեսության, ենթակառուցվածքների և տարածքների պաշտպանվածությունը,
3) ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը», որը նախատեսում է աղետների ռիսկի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ և գործառութային կատարելագործում։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը լրացուցիչ բյուջետային նշանակալի ծախսեր չի առաջացնում, քանի որ իրականացվում է գործող համակարգերի շրջանակներում՝ առկա ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմամբ։