
17-րդ դարի ճանապարհորդ Օգոստինոս Բաջենցի ուղեգրությունները հայ մարդու՝ սեփական կյանքը փրկելու հետաքրքրաշարժ պատմություն են։ Ամեն ինչ սկսվեց Շահ Աբբասի կազմակերպած՝ Ջուղայի բնակչության բռնագաղթից։ Պատանի Օգոստինոսը հրաշքով փրկվեց գետում խեղդվելուց, ինչից հետո նրան օգնության հասավ մի կաթոլիկ վանահայր։ Հավանաբար հենց դա էլ պատճառ դարձավ, որ տղան ընդունի կաթոլիկություն և ստանա Օգոստինոս անունը։
Հետաքրքիր է, որ Եվրոպայում Բաջենցին չի հետաքրքրել հայկական և ոչ մի բան՝ նա անտարբեր է գտնվել թե՛ տեղի հայկական համայնքների, թե՛ մարդկանց ու եկեղեցիների նկատմամբ։ Միայն մի տեղ նա հիշատակում և օրհնում է իրեն օգնած բարեսիրտ մի հայ քահանայի։ Եվրոպայում թափառելու բոլոր տարիներին նրա միակ մտահոգությունը եղել է սեփական կյանքը պահպանելը։
Իսկ ի՞նչն է արժեքավոր նրա ուղեգրություններում։ Թերևս այն, որ դրանցում ներկայացված է այդ ժամանակաշրջանի Եվրոպայի նկարագրությունը՝ հայ մարդու տեսանկյունից։
Հարկ է նշել նաև, որ ավելի ուշ Օգոստինոսը վերադարձավ Նախիջևան և դարձավ տեղի կաթոլիկ համայնքի առաջնորդը։