Դպրոցների ֆինանսավորումը կավելանա 530 մլն դրամով․ ինչի՞ վրա կծախսվի գումարը

1. Դպրոցներում հավաքարարների հաստիքները կավելանան

Գործող կարգով հավաքարարների թիվը հաշվարկվում է՝ յուրաքանչյուր մինչև 600 քմ մաքրվող տարածքի համար նախատեսելով մեկ հաստիքային միավոր, սակայն սահմանափակվում է նաև դասարանների միջին տարեկան թվով։

Կառավարության ծրագրերով կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և վերանորոգված 126 դպրոցներում մաքրվող տարածքը միջինում կազմում է 2883 քմ, իսկ դասարանների միջին թիվը՝ 16։

Նախագծով առաջարկվում է այդ դպրոցներում հավաքարարների հաստիքներն ավելացնել՝ հաշվի առնելով նաև սանհանգույցների քանակը։ Ըստ հիմնավորման՝ հաստիքների թիվը միջինում կավելանա 1.9-ով։

  • 126 դպրոցների համար կավելանա ընդհանուր 209.2 հաստիքային միավոր։

  • Տարեկան լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի 261.04 մլն դրամ։

2. Կավելանան գրասենյակային և տնտեսական պարագաների ծախսերը

Գործող կարգով գրասենյակային և տնտեսական ապրանքների ու նյութերի ծախսը հաշվարկվում է դասարանների տարեկան միջին թիվը 13,740-ով բազմապատկելու միջոցով։

Նախագծով առաջարկվում է 2020 թվականից հետո կառավարության ծրագրերով կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և վերանորոգված դպրոցների համար մեկ դասարանի հաշվով սահմանել 87,900 դրամի նորմատիվ։

Հիմնավորման համաձայն՝ 126 դպրոցների համար այս ծախսերի տարեկան ֆինանսավորումը կավելանա 147.48 մլն դրամով՝ յուրաքանչյուր դպրոցի հաշվով միջինում կազմելով շուրջ 1.18 մլն դրամ լրացուցիչ հատկացում։

3. Կֆինանսավորվի վիտրաժային պատուհանների մաքրումը

Գործող կարգով վիտրաժային պատուհանների մաքրման ծառայությունների համար առանձին ծախս նախատեսված չէ։

Նախագծով առաջարկվում է այդ ծառայության համար հատկացնել յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով 1200 դրամ՝ նախատեսելով պատուհանների մաքրում տարին երկու անգամ։

Հիմնավորման համաձայն՝ ուսումնասիրված 68 դպրոցներից 57-ն ունեն վիտրաժային պատուհաններ։ Դրանց մակերեսը մեկ դպրոցի հաշվով միջինում կազմում է 137.2 քմ։

Վիտրաժային պատուհաններ ունեցող դպրոցների համար տարեկան հատկացումը կկազմի 9.38 մլն դրամ։

4. Կավելանան վերելակների սպասարկման ծախսերը

Գործող կարգով շահագործվող վերելակ ունեցող յուրաքանչյուր դպրոցին նախատեսվում է վերելակի սպասարկողի 0.5 հաստիքային միավոր։

Սակայն որոշ դպրոցներ ունեն երկու վերելակ, և գործող հաստիքը բավարար չէ երկուսն էլ սպասարկելու համար։

Նախագծով առաջարկվում է 0.5 հաստիքային միավորը սահմանել յուրաքանչյուր շահագործվող վերելակի հաշվով։

  • 10 դպրոցների դեպքում, որոնք ունեն երկուական վերելակ, տարեկան ֆինանսավորումը կավելանա 6.24 մլն դրամով։

  • Վերելակների սպասարկման ծառայությունների համար առաջարկվում է հատկացնել 50,000 դրամ՝ յուրաքանչյուր շահագործվող վերելակի հաշվով։

  • 43 դպրոցների համար այդ ծառայությունների տարեկան ծախսը կկազմի 2.65 մլն դրամ։

5. Կֆինանսավորվեն դպրոցական կլաստերներին սպասարկող ավտոբուսները

Նախագծով առաջարկվում է ֆինանսավորում նախատեսել կրթական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում ձևավորված դպրոցական կլաստերներին սպասարկող ավտոբուսների և միկրոավտոբուսների համար։

Կբացառվեն այն դեպքերը, երբ կլաստերի աշակերտների տեղափոխությունը կենտրոնացված է կազմակերպվում։

Տրանսպորտային միջոցների ծախսերը կհաշվարկվեն՝ հիմք ընդունելով վառելիքի, յուղերի ու քսուքների, ավտոդողերի, կուտակչային մարտկոցների ծախսերի և ավտոմեքենաների առանձին չափորոշիչների համար սահմանված մոտեցումները։

Նախատեսվում է նաև վարորդի հաստիք։

29 կլաստերների հաշվարկների համաձայն՝ մեկ կլաստերին սպասարկող ավտոբուսի տարեկան ծախսը, ներառյալ վարորդի աշխատավարձը, միջինում կազմում է 6.03 մլն դրամ։

6. Դպրոցներին կհատկացվեն գրադարանների համալրման միջոցներ

Նախագծով առաջարկվում է դպրոցների ֆինանսավորման մեջ ներառել նաև գրադարանների համալրման ծախսերը։

Յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվող գումարը կկազմի 50,000-ից 150,000 դրամ՝ կախված դպրոցի մեծությունից։

Հիմնավորման համաձայն՝ այս փոփոխության արդյունքում դպրոցների ֆինանսավորումը տարեկան կավելանա 110.15 մլն դրամով։

7. Այլ փոփոխություններ

Նախագծով առաջարկվում է նաև՝

  • Ջերմոցային տնտեսություն ունեցող դպրոցներում այգեպանի հաստիքը սահմանել 12 ամիս՝ վերացնելով ձմեռային ժամանակահատվածի համար գործող բացառությունը։

  • Միջնաժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի պլանավորման ժամանակ ուսուցչական դրույքների հաշվարկում հաշվի առնել մասնագիտացված և հատուկ կրթություն իրականացնող հաստատությունների առանձնահատկությունները՝ կիսվող դասաժամերը, անհատական ժամերը և այլն։

Որքա՞ն կավելանա պետական բյուջեի ծախսը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունման կապակցությամբ պետական բյուջեի տարեկան ծախսերը կավելանան շուրջ 530.7 մլն դրամով։ Տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։

Նախագծի նպատակն է դպրոցների ֆինանսավորումը համապատասխանեցնել դրանց փաստացի ենթակառուցվածքային և կազմակերպական պայմաններին՝ ապահովելով պահպանման ու սպասարկման անհրաժեշտ ծախսերի համարժեք ֆինանսավորում։

Նշում․ Նյութը պատրաստված է կառավարության որոշման նախագծի հիմնավորման հիման վրա։ Ներկայացված կարգավորումները նախագծային առաջարկներ են և ինքնին չեն նշանակում, որ դրանք արդեն ուժի մեջ են մտել,- տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment