1491 թվականի Շարակնոց՝ Մատենադարանին. սիրիահայ բարերար Գաբրիել Չեմպէրճեանի ընծայաբերությունը

Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են Մատենադարանից։

Ըստ Մատենադարանի՝ ձեռագիրը բացահայտվել էր Վիեննայի Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։

Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում. գրիչը Հովհաննես քահանան է։

Մինչ օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է ընդամենը մեկ անգամ՝ առանց հստակ տեղորոշման։ Այնտեղ 1497 թվականին կրկին Հովհաննես գրիչն ընդօրինակել է մի Ավետարան, որը ևս պահվում է Մատենադարանում։

Մատենադարանին ընծայված այս նոր մատյանը, փաստորեն, ոչ միայն նույն գյուղում միևնույն գրչի ստեղծած՝ մեզ հայտնի ամենավաղ նմուշն է, այլև միակը, որի գլխավոր հիշատակարանում Հովհաննես գրիչը ստույգ տեղորոշում է Ամ գյուղը՝ Բաղեշ գավառում։

Մատենադարանը երախտագիտություն է հայտնել Գաբրիել Չեմպէրճեանին՝ արժեքավոր ընծայաբերման և ձեռագրական ժառանգության համալրման գործում ունեցած ներդրման համար։

Leave a Comment