Քաղաքացին կկարողանա եկամտահարկի հաշվին ֆինանսապես աջակցել ՀԿ-ների, լրատվամիջոցների և կուսակցությունների՝ դա դիտարկելով որպես «սոցիալական ծախս»

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերի ձևավորումն է։

Ըստ հիմնավորման՝ վերջիններիս կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից։

ՀՀ-ում  գործում է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների (բացառությամբ անչափահասների) եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն ունեն իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:  Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։

Նախագծով առաջարկում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախսերի շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում նաև ֆիզիկական անձի կողմից ՀԿ-ներին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) կամ կուսակցություններին անհատույց փոխանցվող դրամական միջոցները: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել, որ վերջիններիս շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, դրանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ցանկը, տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը սահմանելու է Կառավարությունը։

Leave a Comment