Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Մխիթարյանն «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից այս պաշտոնում առաջադրված երրորդ թեկնածուն է։ Ավելի վաղ խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին, սակայն նրանք անհրաժեշտ թվով ձայներ չէին ստացել։ Նրանց թեկնածություններին դեմ էին քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Մխիթարյանի թեկնածության քննարկման ընթացքում պատգամավորները նրան հարցեր են ուղղել Գյումրիի զարգացման, տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև տնային կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ։ Ավելի վաղ Մխիթարյանը որպես փաստաբան ներկայացրել էր Ղուկասյանի շահերը։
Ներկայացնելով իր թեկնածությունը՝ Մխիթարյանը հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքի հիմքում պետք է դրվի երեք սկզբունք՝ ապակենտրոնացում, համաչափ զարգացում և հաշվետվողականություն։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա զարգացման հստակ պատկերացում՝ ներառյալ տնտեսական ուղղությունները, մրցակցային առավելությունները և ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։
«Հայաստանը փոքր պետություն է, բայց փոքր պետությունը պարտադիր չէ, որ լինի գերկենտրոնացված»,- հայտարարել է Մխիթարյանը։
Նա նաև նշել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման միջև հստակ սահմանազատման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ համայնքների նկատմամբ պետության վերաբերմունքը չպետք է կախված լինի դրանց ղեկավարների քաղաքական պատկանելիությունից։
«Ճանապարհները, լուսավորությունը, մանկապարտեզները կուսակցական պատկանելիություն չունեն, և չի կարելի քաղաքացուն պատժել իր քվեի համար»,- հայտարարել է պատգամավորը։
Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին՝ Մխիթարյանն ասել է, որ խոշորացումը նպատակ չէ, այլ պետք է դիտարկել որպես գործիք։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարեփոխման արդյունքների մասնագիտական գնահատում՝ հիմնված հստակ ցուցանիշների վրա։
Նա նաև հայտարարել է, որ իշխանությունը համայնքների խոշորացումներն իրականացնում է քաղաքական նկատառումներից ելնելով, և կոչ է արել պետությանը ընդունել ու ուղղել սեփական սխալները։
Մխիթարյանն իր թեկնածության քննարկման ընթացքում նա նաև հայտարարել է, որ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում «Վեոլիա Ջուր»-ի նկատմամբ՝ ջրի պարբերական անջատումների և թունավորման դեպքերի ֆոնին։
Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) իրավիճակին՝ նա հայտարարել է, որ ընկերությունը շուրջ մեկ տարի գտնվում է «փաստացի զավթման վիճակում», սակայն ակնկալվող փոփոխությունները քաղաքացիները չեն զգացել։
«Հնարավոր է՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի աշխատավարձն այնքան բարձր չէ, որ իշխանությունը փորձի վերցնել նաև «Վեոլիան»»- ասել է Մխիթարյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հարցին։
Մխիթարյանը նաև համաձայնել է «Հայաստան» խմբակցության պատգամավորի Մեսրոպ Մանուկյանի այն պնդմանը, որ Գյումրիում 8 տարվա ընթացքում՝ 8 մլրդ դրամ պարտքի պայմաններում, ոչ մի նոր շենք չի կառուցվել։
Նրա խոսքով, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «աղետի գոտի» հասկացությունը վերանալու է, քաղաքում մինչ օրս նոր կառուցված շենքեր չեն հայտնվել։ Մխիթարյանը հայտարարել է, որ 8 մլրդ դրամին հնարավոր էր ևս մի քանի միլիոն ավելացնել և այդ միջոցներն ուղղել Գյումրիում նոր շենքերի կառուցմանը։
