Տուրիստական ավտոբուսի պատուհանից դուրս մնացած Հայաստանը, մոռացված գյուղական բաղադրատոմսերը, չբացահայտված լեռներն ու հարյուրավոր կիլոմետրեր ձգվող կածանները․ ինչպե՞ս է էկոտուրիզմը դառնում հայրենաճանաչության ամենաազդեցիկ գործիքը Սփյուռքի և աշխարհի համար։
«Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի եթերում «Հայք Արմենիա» (HIKEArmenia) կազմակերպության գործադիր տնօրեն Շահանե Հալաջյանը ներկայացրել է մի նախագիծ, որը լուռ հեղափոխություն է կատարում Հայաստանի զբոսաշրջային քարտեզի վրա։ Խոսքը Հայաստանի ազգային արահետի մասին է՝ շուրջ 1000-կիլոմետրանոց հետիոտնային երթուղու, որը ոչ միայն միավորում է երկրի հյուսիսն ու հարավը, այլև աշխարհին ցույց է տալիս իրական, չհղկված և վավերական Հայաստանը։
«Գյուղից գյուղ»․ ապրեցնելով լեռնային համայնքները
Հաճախ Հայաստան այցելող զբոսաշրջիկն ու սփյուռքահայը բավարարվում են դասական երթուղիներով՝ Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ կամ Սևան։ Սակայն Հայաստանի իրական հարստությունը թաքնված է այդ մայրուղիներից հեռու՝ լեռնային կածաններում։ Ազգային արահետի գլխավոր առանձնահատկությունն ու գրավչությունը «գյուղից գյուղ» հայեցակարգն է։ Սա պարզապես վրանային արշավ չէ վայրի բնության գրկում․ քայլարշավականն օրն անցկացնում է լեռներում, իսկ երեկոյան իջնում է հաջորդ գյուղ, գիշերում տեղական հյուրատանը, օգտվում գյուղացու տաք օջախից և ճաշակում նրա բարիքները։
Այս պահին արդեն ամբողջությամբ գծանշված և պատրաստ է 322 կիլոմետրը (հիմնականում Լոռու և Տավուշի մարզերում)։ Մինչև տարեվերջ կավարտվի ևս 100 կիլոմետրը, իսկ նախագծի վերջնական ավարտը նախատեսվում է մինչև 2030 թվականը։
«Եթե հյուսիսում արահետներն անցնում են խիտ անտառներով ու հին պատմական կածաններով, ապա Վայոց ձորում և Սյունիքում դրանք ստեղծվում են գրեթե զրոյից․ օրինակ՝ Մոզրովից Նորավանք ձգվող հատվածը ժայռերի ու կիրճերի միջով բացվող իսկական ինժեներական և բնապահպանական գլուխգործոց է»,- ասում է Շահանե Հալաջյանը։

Էկոգիտակցություն․ ծառահատումներից մինչև աշնանային ծուխ
Էկոտուրիզմի ամենամեծ մարտահրավերը շարունակում է մնալ բնապահպանական գիտակցությունը։ Արահետաշինությունը պահանջում է նուրբ մոտեցում․ պահպանվող տարածքներում (կարմիր գոտիներում) արգելվում է որևէ ինվազիվ միջամտություն, որպեսզի չխաթարվի էնդեմիկ բուսական ու կենդանական աշխարհը։
Սակայն գլխավոր թշնամին մնում են աղբը, ապօրինի ածխահանությունն ու աշնանային համատարած այրումները։ Լուծումը կրթությունն է՝ մանկապարտեզից մինչև դպրոց։ Պետք է արմատախիլ անել դպրոցական էքսկուրսիաների արատավոր մշակույթը՝ այն փոխարինելով սկաուտական խաղերով և բնաճանաչողական արշավներով։
Թվային կամուրջ՝ հայրենիքը բացահայտել ցանկացողների համար
Որպեսզի այս հարստությունը հասանելի լինի յուրաքանչյուրին՝ աշխարհի ցանկացած կետից, HIKEArmenia-ն գործարկել է նոր մասնագիտացված հարթակ՝ armennationaltrail.org կայքը (գործում է նաև hikearmenia.org կայքն ու բջջային հավելվածը)։
Այստեղ յուրաքանչյուր ոք կարող է անվճար ներբեռնել GPS քարտեզները, ծանոթանալ արահետի բարդությանը, կիլոմետրաժին, գտնել տեղի հյուրատների կոնտակտները և նախապես պլանավորել իր ճանապարհորդությունը։ Իսկ նրանց համար, ովքեր նախընտրում են կենդանի շփումը, Երևանի սրտում՝ Վարդանանց 5 հասցեում, գործում է անվճար տեղեկատվական կենտրոնը։