Հայաստանի քաղաքացիները կկարողանան սեփական միջոցներից գումար փոխանցել զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին, ապա այդ ծախսերի մի մասը հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին։ Որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում, ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Դրա համար նվիրատվություններն առաջարկվում է ներառել սոցիալական ծախսերի շրջանակում։ Ներկայում այդ համակարգը հնարավորություն է տալիս եկամտային հարկից վերադարձ ստանալ կրթության և առողջապահության որոշ ծախսերի համար։
Վերադարձի առավելագույն չափը, ինչպես նաև ԶԼՄ-ների, ՀԿ-ների և կուսակցությունների շրջանակն ու նրանց ներկայացվող չափանիշները կսահմանի կառավարությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը ժողովրդավարական բարեփոխումների փուլ է անվանել՝ նշելով, որ այն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին հնարավորություն կտա ունենալ «ժողովրդական ֆինանսավորում»։
Նրա խոսքով՝ մեխանիզմը նաև կխթանի համընդհանուր հայտարարագրման համակարգը, քանի որ այդ կառույցները շահագրգռված կլինեն քաղաքացիներին ներկայացնել դրա հնարավորությունները։ Փաշինյանը նշել է նաև, որ ավելի շատ քաղաքացիների կողմից եկամուտների ճշգրիտ հայտարարագրումը կօգնի բարձրացնել պետության սոցիալական քաղաքականության հասցեականությունը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ հաճախ նկատելի է լրատվամիջոցների կամ կուսակցությունների կախվածությունը առանձին անձանց կամ խմբերից, երբեմն՝ նաև օտարերկրյա անձանցից կամ պետություններից։
Նրա գնահատմամբ՝ նոր մեխանիզմը քաղաքացիներին հնարավորություն կտա մասնակցել այդ կառույցների ֆինանսավորմանը, իսկ ֆինանսավորման աղբյուրների բազմազանությունը կարող է մեծացնել նրանց անկախությունը։
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ գործում է սոցիալական ծախսերի փոխհատուցման մեխանիզմը։ Այն հնարավորություն է տալիս հայտարարատուներին վճարած եկամտային հարկից հետ ստանալ իրենց կամ ընտանիքի անդամների համար կրթության և առողջապահության գծով կատարված որոշ ծախսերի մի մասը։
