ՀՀ նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնցով 2027 թվականից բարձրացվելու են նախագահի, վարչապետի, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը։ Կբարձրանան նաև դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և մի քանի հարյուր այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ որոշ դեպքերում գրեթե կրկնակի, հայտնում է Sputnik Արմենիան:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նոր կարգավորումների համաձայն՝ նախագահի բազային աշխատավարձի՝ 83, 200 դրամի գործակիցը դառնալու է 32։ Արդյունքում նրա աշխատավարձը գրեթե կրկնապատկվելու է՝ 1․5 միլիոն դրամից հասնելով 2․6 միլիոն դրամի։

Վարչապետի բազային աշխատավարձի գործակիցը ևս սահմանվել է 32, ինչի արդյունքում նրա աշխատավարձը նույնպես կազմելու է 2․6 միլիոն դրամ։

Փոխվարչապետի աշխատավարձը նախատեսվում է հասցնել 2․1 միլիոն դրամի, նախարարներինը և Անվտանգության խորհրդի քարտուղարինը՝ մոտ 2 միլիոն դրամի, իսկ ՄԻՊ-ինը՝ 1․8 միլիոն դրամի։

Ավելանալու են նաև Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների աշխատավարձերը։ Մասնավորապես, ԱԺ նախագահի աշխատավարձը կազմելու է 2․4 միլիոն դրամ, իսկ պատգամավորինը՝ 1․4 միլիոն դրամ։

Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են նախատեսվել նաև ուժային կառույցների և դատական իշխանության ներկայացուցիչների վարձատրության համար։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը գերազանցելու է 2․4 միլիոն դրամը, իսկ գլխավոր դատախազինը՝ 1․8 միլիոն դրամը։

Աշխատավարձերի վարձատրության նոր համակարգը նախատեսվել է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։

Leave a Comment