Թրամփը Իրանի հարցը կքննարկի Ծոցի երկրների ղեկավարների հետ

Թրամփը Իրանի հարցը կքննարկի Ծոցի երկրների ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ երեքշաբթի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Նյու Յորքում հանդիպում կունենա Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ՝ Իրանի դեմ պատերազմի հետագա ընթացքը քննարկելու համար։ Այս մասին Axios-ը հայտնել է՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրի։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել նաև պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ-ի ռազմավարությունը։ Ակնկալվում է, որ Թրամփի վարչակազմը հետպատերազմյան ծրագրի վերջնական տարբերակը կմշակի ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո։

Հանդիպմանը հրավիրվել են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի ղեկավարները կամ արտաքին գործերի նախարարները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նախնական հրավերներն ուղարկել է չորեքշաբթի։ Հանդիպմանը կարող են միանալ նաև այլ արաբական և մահմեդական երկրների ներկայացուցիչներ։

Ծոցի երկրները, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմակայաններ, պատերազմի ընթացքում ենթարկվել են Իրանի հարձակումների, ինչպես նաև տնտեսական կորուստներ կրել նավթի և գազի արտահանման խափանումների պատճառով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment