Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ – armeniatoday.am

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը դատարանում վիճարկել է իրեն աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի միջին աշխատավարձը, տեղեկանում ենք Datalex.am դատական տեղեկատվական համակարգից։

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դեմ հայցը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 15-ին։ Ղազինյանը վիճարկում է ԵՊՀ ռեկտորի՝ 2026 թվականի օգոստոսի 17-ի հրամանը։ Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սաղոյանին։

ԵՊՀ-ն որոշել էր սեպտեմբերի 1-ից չշարունակել աշխատանքային հարաբերությունները Գագիկ Ղազինյանի հետ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը որոշումը որակել էր քաղաքականապես մոտիվացված։ 

Գագիկ Ղազինյանի որդին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը, Armenia Today-ի հետ զրույցում հոր՝ ԵՊՀ-ից հեռացումը կապել էր իր քաղաքական գործունեության հետ՝ այն գնահատելով որպես միջամտություն իր ընտանիքի գործերին։

Գագիկ Ղազինյանը երկար տարիներ ղեկավարել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։ Նա Դավիթ Ղազինյանի հայրն է։ 

Leave a Comment