Կառավարությունը այսօր՝ սեպտեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի փոփոխությունների վերաբերյալ նախագծին։ Փաթեթով առաջարկվում է վերանայել հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցները և ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ։ Նախագիծը հաջորդիվ սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։
Փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։ Կառավարության հաշվարկով՝ նոր համակարգի ներդրման համար 2027 թվականի պետական բյուջեից կպահանջվի շուրջ 30 մլրդ դրամ լրացուցիչ միջոց։ Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների ներկայիս միջին ամսական աշխատավարձը կազմում է 250-350 հազար դրամ։ Նոր համակարգի դեպքում 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունք արձանագրած աշխատողների վարձատրությունը կարող է հասնել 450-500 հազար դրամի։ Բաժնի պետերի դեպքում, ըստ Խաչատրյանի, գործող համակարգում մինչև 400 հազար դրամ կազմող վարձատրությունը լրավճարների ներառմամբ կարող է հասնել մինչև 740 հազար դրամի։ Վարչության պետերի դեպքում ներկայում միջինը 520-550 հազար դրամ կազմող վարձատրությունը նոր համակարգով կարող է հասնել 800-900 հազար դրամի։
Խաչատրյանի խոսքով՝ որոշ պաշտոնների դեպքում վարձատրության փոփոխությունը կարող է կազմել 60-80 տոկոս։
Նախագծով կատարողականի գնահատման հիմքում դրվելու են քանակապես չափելի և ստուգելի ցուցիչներ։ Պետական մարմինների համար նախատեսվում է սահմանել նաև ռազմավարական նպատակներ և թիրախային ցուցանիշներ։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ նոր համակարգի նպատակն է պետական ծառայողների վարձատրության չափը կապել ոչ միայն զբաղեցրած պաշտոնի պատասխանատվության և պահանջվող կոմպետենցիաների, այլև աշխատանքի արդյունքում արձանագրված արդյունքների հետ։ Փոփոխությունների հիմքում դրվել է նաև 2025 թվականի դեկտեմբերից պետական կառավարման առանձին մարմիններում իրականացվող կատարողականի գնահատման պիլոտային համակարգի միջանկյալ գնահատականը։
Խաչատրյանի խոսքով՝ նախագիծը վերաբերում է պետական ծառայության տասնյակ հազարավոր աշխատողների, սակայն չի տարածվելու այն ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում է ատեստավորման հիմքով վարձատրության համակարգ։ Այդ բացառությունների թվում են մի շարք ուժային կառույցներ,- տեղեկացնում է Iravaban.net-ը։