ՍԴ դատավորները հավելավճարներ կստանան․ կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի

Սահմանադրական դատարանի դատավորները դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար կստանան։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշումը, որով Սահմանադրական դատարանին նախատեսվում է հատկացնել 38 մլն 930.5 հազար դրամ։ Հավելավճարի չափը կախված կլինի դատավորի՝ Սահմանադրական դատարանում պաշտոնավարման տևողությունից։

Մասնավորապես՝

  • պաշտոնավարման երկրորդ տարում հավելավճարը կկազմի պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսը,
  • երրորդ տարում՝ 35 տոկոսը,
  • իսկ չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարում հավելավճարի չափը կավելանա նախորդ տարվա համար նախատեսված չափի նկատմամբ ևս 10 տոկոսով։

Այս կարգավորումն ամրագրված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 12-րդ հոդվածում։ Օրենքի գործող խմբագրությամբ ՍԴ նախագահի, փոխնախագահի և դատավորի համար արդեն նախատեսված է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 80 տոկոսի չափով հավելում, իսկ այժմ օրենքը սահմանում է նաև առանձին հավելավճար՝ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար։

2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՕ-138-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել դատավորների վարձատրությունը կարգավորող օրենսդրությունում։ Այդ փոփոխություններով Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանվել է ստաժից կախված հավելավճարի նոր մեխանիզմ։ Միևնույն ժամանակ, օրենքի անցումային դրույթով հավելավճարի հաշվարկի համար հաշվի են առնվելու նաև օրենքն ուժի մեջ մտնելու պահին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները։

Այսինքն՝ հաշվարկը չի սահմանափակվելու միայն օրենքի փոփոխությունից հետո կուտակված ստաժով։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ նոր սահմանված հավելավճարների վճարումն ապահովելու համար 2026 թվականի ֆինանսական տարում անհրաժեշտ է 38 մլն 930.5 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում։ Գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից և հատկացնել Սահմանադրական դատարանի՝ «ՀՀ սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովում» միջոցառմանը։

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ընդհանուր ծավալում փոփոխություն չի նախատեսվում, քանի որ անհրաժեշտ գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից։

Փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի կարգավիճակին ու պատասխանատվությանը համարժեք վարձատրության ապահովումն է։ Կառավարության ավելի վաղ ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ՍԴ դատավորների համար վարձատրության լրացուցիչ երաշխիքների վերանայումը դիտարկվել է նաև որպես նրանց սոցիալական և նյութական անկախության ապահովման միջոց,- տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment