Ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական, իսկ դասավանդման ողջ գործընթացը պետք է ուղղված լինի կրթական ծրագրերով նախատեսված գիտելիքի փոխանցմանը։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի դիտարկմանը, որ բուհերում և դպրոցներում, ըստ նրա, արձանագրվում են դեպքեր, երբ դասավանդողները դասաժամն օգտագործում են Կառավարության կամ վարչապետի հասցեին վիրավորական ու վարկաբեկող արտահայտություններ հնչեցնելու համար։
Անդրեասյանի խոսքով՝ ուսումնական հաստատությունում դասավանդման համար նախատեսված ժամանակն ու տարածքը քաղաքական նպատակներով օգտագործելն անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե խոսքը վերաբերում է իշխանությանը, ընդդիմությանը կամ որևէ այլ քաղաքական ուժի։
«Եթե որևէ մեկը որևէ ուսումնական հաստատությունում դասավանդման համար հատկացված ժամանակը, դասարանը, լսարանը օգտագործում է քաղաքական նպատակներով, լինի դա Կառավարության, իշխող կուսակցության, ընդդիմության, որևէ քաղաքական ուժին վերաբերող հայտարարություններ, քարոզ կամ հակաքարոզ, ենթակա է աշխատանքից հեռացման, անհապա՛ղ»,- նշել է նախարարը։
Նա նաև կոչ է արել նման դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել նախարարությանը՝ ընդգծելով, որ համապատասխան ահազանգերին արագ արձագանք կլինի։