Կանանց և ազգային փոքրամասնությունների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում, վաղ և հարկադիր ամուսնությունների կանխարգելումն ու կրթության իրավունքի պաշտպանությունը։ Այս հարցերն էին քննարկման առարկա դարձել սեպտեմբերի 15-ին կայացած Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ-համաժողովում։
Միջոցառումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։ Համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ երեք համայնքների կին ղեկավարները, ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ։
Համաժողովում անդրադարձ կատարվեց կանանց և ազգային փոքրամասնությունների քաղաքական ու հասարակական մասնակցությանը։ Քննարկվեց նաև ընտրական գործընթացներում ներկայացվածության, մասնակցության խոչընդոտների և որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ ներգրավվածության ապահովման մեխանիզմները։
Օրակարգի մյուս կարևոր թեման վաղ և հարկադիր ամուսնությունների կանխարգելումն էր։
Մասնակիցները խոսեցին օրենսդրական և գործնական միջոցների, ինչպես նաև կրթությունից դուրս մնալու ռիսկերի նվազեցմանն ու ազգային փոքրամասնություններին պատկանող կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի մասին։ Ներկայացվեցին նաև եվրոպական չափանիշներն ու փորձը՝ ազգային փոքրամասնությունների պաշտպանության և լեզվական իրավունքների ոլորտներում։
Համաժողովի ընթացքում ցուցադրվեց «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը։
Համաժողովի ավարտին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ամփոփեց քննարկումների արդյունքները` ընդգծելով, որ հավասարությունը ենթադրում է ոչ միայն մասնակցության հնարավորություն, այլև որոշումների կայացման գործընթացներում իրական, արդյունավետ և իմաստալից ներգրավվածություն:
Տեղեկացնում է Iravaban.net-ը։