ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ՝ գործընկերների հետ քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո։
Նախարարը անդրադարձել է նաև վերջին օրերին համացանցում տարածված Սահմանադրության ենթադրյալ տեքստին՝ նշելով, որ այն որևէ փուլում Արդարադատության նախարարության մշակած աշխատանքային կամ նախնական տարբերակ չի եղել։
Գալյանի խոսքով՝ Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներին կարող են ներգրավվել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Նա նշել է, որ այդ հնարավորությունը կարող է իրացվել ինչպես նախագծի հրապարակումից հետո, այնպես էլ ամբողջական տեքստի հրապարակումից առաջ։
Նախարարը տեղեկացրել է, որ նախագծի հրապարակումից հետո նախատեսվում է լայն հանրային քննարկումների փուլ։ Շահագրգիռ պետական մարմիններից, կազմակերպություններից և անձանցից հավաքագրվելու են կարծիքներ և առաջարկներ, որոնք կքննարկվեն նախագծի հետագա ընթացքը որոշելու նպատակով։
«Տեքստի հրապարակումից հետո մենք ձեռնամուխ ենք լինելու հանրային կոմունիկացիային և, ըստ էության, այդ տեքստի շրջանառմանը։ Հավաքելու ենք բոլոր շահագրգիռ մարմինների և անձանց կարծիքները, քննարկելու դրանք և մտածելու, թե ինչ ուղղությամբ է արդյոք փոփոխվելու Սահմանադրության տեքստը կամ չի փոփոխվելու»,- ասել է Գալյանը։
Նա միաժամանակ ընդգծել է, որ հրապարակվելիք փաստաթուղթը վերջնական Սահմանադրության տեքստ չի լինելու, այլ նախագիծ, որը պետք է անցնի օրենքով նախատեսված շրջանառության և քննարկումների փուլերը։
Գալյանը չի բացառել նաև ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ քննարկումների և աշխատանքի հնարավորությունը՝ եթե վերջիններս ցանկություն ունենան ներգրավվելու գործընթացում։