
Դուբայում ընթացող Արաբական մեդիաֆորումին մասնակցող Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր կրկին պնդել է, թե Ղարաբաղում առկա են «կովկասյան Ալբանիայի [Աղվանքի] հարուստ քրիստոնեական ժառանգության հետքեր»:
«Իմ երկիրը քրիստոնեության առաջին վայրերից մեկն է: 4-րդ դարում քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունվեց Ալբանիայի թագավորության կողմից: Ի դեպ, այն չպետք է շփոթել բալկանյան Ալբանիայի հետ. դա այն թագավորության անվանումն էր, որը հիմնադրվել էր Ադրբեջանի տարածքում: Ղարաբաղում մենք ունենք ամենաուժեղ հետքը: Ցավոք, տարիների ընթացքում այն ենթարկվել է կեղծման, եկեղեցիների ճարտարապետության փոփոխման և այլն, և դա չպետք է լիներ այդպես», – հայտարարել է Հիքմեթ Հաջիևը՝ հրապարակած տեսանյութում ոչ մի բառ չասելով Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության մասին:
Հաջիևն օրերս Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկյա դիվանագետների առջև «ալբանական» էր հռչակել Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրները՝ մեծ վրդովմունք առաջացնելով հայաստանյան հանրության շրջանում:
Այսօր առաջին անգամ անդրադառնալով Բաքվի այս պնդումներին՝ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հայաստանը այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ «Մատենադարանի տնօրենի միջոցով է արձագանքել և արձանագրել Գանձասարի հայկական ծագումը»:
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան մեդիաֆորումի մասնակիցներին վստահեցրել է, թե ներկայումս Ադրբեջանում կողք կողքի գործում են մզկիթներ, եկեղեցիներ և սինագոգներ: Նա, ինչպես երեկ նախագահ Ալիևը, պնդել է, թե «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում օկուպացիայի տարիների ընթացքում մզկիթները, իսլամական մշակութային ժառանգությունը հայերի կողմից ենթարկվել են ամբողջական ավերման»:
Մինչ անկախ հետազոտողները վերջին տարիներին փաստագրել են Արցախում Ադրբեջանի իշխանության կողմից հայկական մշակութային ժառանգության՝ եկեղեցիների, գերեզմանատների, խաչքարերի, հուշարձանների ոչնչացման բազմաթիվ դեպքեր, այսօր Ալիևի օգնականը Դուբայում պնդել է, թե Բաքուն «պահպանում է ողջ մշակութային, այդ թվում՝ քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի ինքնիշխան տարածքում՝ անկախ դավանանքից ու պատկանելությունից»: