Պատերազմի ավարտը գլխացավանք է դառնալու Պուտինի իշխանության համար. Ղևոնդյան

Պատերազմի ավարտը գլխացավանք է դառնալու Պուտինի իշխանության համար. Ղևոնդյան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Պուտինը հիմա կանգ առնի, դա հաղթանակ չէ։ Նրա խոսքով՝ Պուտինը վախենում է, որ զինվորները կվերադառնան զայրացած և դուրս կգան իր դեմ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

-Կարո՞ղ ենք սպասել նման սցենարի։

-Ռուսաստանի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմների ավարտը սովորաբար բերում է ներքին անկայունության։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստալինին հաջողվեց ռեպրեսիաների միջոցով խուսափել դրանից, ապա, օրինակ, Առաջին համաշխարհայինից դուրս գալը փլուզեց Ռուսական կայսրությունը, և վերջին ցարի ամբողջ ընտանիքը սպանվեց։ Մեծ է հավանականությունը, որ պատերազմի ավարտն ու հարյուր հազարավոր զինվորների վերադարձը գլխացավանք է դառնալու Պուտինի իշխանության համար, այն էլ՝ փլուզված տնտեսության և բարոյալքված հասարակության պայմաններում։ Ավելին, առանց մեծ հաջողությունների պատերազմի ավարտը խնդիրներ է առաջացնելու նաև իշխանամերձ շրջանակներում, հատկապես՝ տնտեսական պրեֆերենցիաների հույս ունեցող օլիգարխների շրջանում, ովքեր միլիարդների ներդրումներ են կատարել՝ հույս ունենալով, որ կօգտվեն գրավված Ուկրաինայի հնարավորություններից (հացահատիկ, սևծովյան նավահանգիստներ և այլն)։ Հետևաբար՝ Պուտինի համար պատերազմի ավարտն այս պահին անորոշությունների այնպիսի շղթա է ստեղծելու, որը կարող է չափազանց թանկ արժենալ։

-Զելենսկին որպես նախադեպ հիշատակում է «Վագներ»-ի ապստամբությունը։ Ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան այդ իրավիճակի և Ռուսաստանի ներկայիս իրավիճակի միջև։

-Այնուամենայնիվ, «Վագներ»-ի ապստամբությունը նախադեպ չէ, քանի որ դա ոչ թե պատերազմից դուրս գալու, այլ կենտրոնում իրավիճակը փոխելու փորձ էր։ Դեռևս պարզ չէ, թե հաջողելու դեպքում պատերազմը կավարտվեր, թե կթևակոխեր նոր փուլ։ «Վագներ»-ի ապստամբությունն ընդամենը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Պուտինի կամքին դեմ գնալու դեպքում փոխզիջումներ հնարավոր չեն։ Դա խաղ է զրոյական գումարով՝ կամ վերջնական հաղթանակ, կամ ամեն ինչի, այդ թվում՝ կյանքի կորուստ։ Բայց ներկա իրավիճակն ու «Վագներ»-ի ապստամբությունը երկու բացարձակ տարբեր պատմություններ են։

-Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե իրենք ցանկանում են ավարտել պատերազմը, և որ Ռուսաստանը պատրաստ է ողջամիտ փոխզիջումներ փնտրել։ Արդյո՞ք հնարավոր է հասնել փոխզիջման այս ընթացքում։

-Լավրովի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական քայլ է։ Ռուսաստանը պատրաստ կլինի ավարտել պատերազմն այս պահին միայն մեկ դեպքում՝ եթե կարողանա տիրանալ իր կողմից պահանջվող տարածքներին և ստանալ դրանց միջազգային ճանաչում, որպեսզի հետագայում դրանցով հնարավոր լինի փոխհատուցել պատերազմին մասնակցած որոշ մարդկանց ախորժակը՝ այդպիսով հանգստացնելով կրքերը բուն Ռուսաստանում։ Ըստ էության՝ սա այսօր հնարավոր չէ, քանի որ Ուկրաինան ոչ միայն չի համաձայնի ճանաչել այդ տարածքները Ռուսաստանի կազմում, այլև վերահսկողություն ունի պահանջվող տարածքների զգալի մասի նկատմամբ։ Հետևաբար՝ Ռուսաստանից ինչ էլ որ հայտարարեն, պատերազմի ավարտ դեռևս չի ակնկալվում։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment