Աղետի դեպքում Հայաստանը միջազգային օգնություն կստանա պարզեցված ընթացակարգով․ նոր կարգ

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արտակարգ իրավիճակների ժամանակ միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների և մարդասիրական բեռների ստացման գործընթացները կկազմակերպվեն պարզեցված ընթացակարգով։ Կառավարության նոր որոշման նպատակն է արագացնել միջազգային օգնության հայցումը, ընդունումը, համակարգումն ու բաշխումը։

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված՝ «Միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների, մարդասիրական բեռների ստացման հայտի ներկայացման, ընդունման և բաշխման կարգը հաստատելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է հաստատել միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների և մարդասիրական բեռների ստացման հայտի ներկայացման, ընդունման և բաշխման կարգը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր կարգը

Գործող օրենսդրությամբ սահմանված չէր միջազգային արագ արձագանքման թիմերի, փորձագետների և մարդասիրական բեռների ստացման հայտերի ներկայացման, ընդունման ու բաշխման գործընթացների կարգավորման համար անհրաժեշտ լիազորող նորմը։

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսվել է այդ գործընթացների կազմակերպման իրավական հիմքը, իսկ նոր որոշմամբ կսահմանվեն դրանց իրականացման կարգավորումները։

Ի՞նչ կփոխվի արտակարգ իրավիճակների ժամանակ

Նոր կարգի նպատակն է արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում միջազգային օգնության հետ կապված գործընթացներն իրականացնել արագ և պարզեցված ընթացակարգով։

Մասնավորապես՝

  • միջազգային օգնության հայցում,
  • միջազգային արագ արձագանքման թիմերի և փորձագետների ընդունում ու ՀՀ տարածք մուտքի կազմակերպում,
  • մարդասիրական բեռների ընդունում և բաշխում,
  • միջազգային օգնության համակարգում։

Ո՞րն է ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ միջազգային օգնության ներգրավման և ստացման գործընթացները կիրականացվեն օպերատիվ՝ նախապես համաձայնեցված և պարզեցված ընթացակարգերով։

Ե՞րբ կգործի նոր կարգը

Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում։

Leave a Comment