Հասնելով այս փուլ՝ պետք է շատ բարձր մակարդակի խաղ ցույց տանք․ Տուլիպա

Այսօր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի Լիգայի հիմնական փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ, որին հայկական ակումբը մեկ տարի առաջ զիջել էր: «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նշել է, որ այդ պարտությունից հետո իրենք կարողացել են Հայաստանի չեմպիոն դառնալ ու դուրս գալ Եվրոպայի Լիգայի հիմնական փուլ:

«Հաղթանակի գրավականը պետք է լինի մեր անցած ճանապարհը, որը շատ երկար է եղել ու տարբեր երկրների չեմպիոնների ենք հաղթել: Դա առաջին հերթին մեր ֆուտբոլիստների, ակումբի ու հայ երկրպագուների շնորհիվ է: Հասնելով այս փուլ՝ պետք է շատ բարձր մակարդակի խաղ ցույց տանք ու մտապահենք «Սպարտա»-ի հետ Պրահայում կայացած պատասխան խաղը: Այդ երեկո ընդամենը 10 րոպեով կորցրինք կենտրոնցվածությունն ու պարտվեցինք, իսկ այս մակարդակի հանդիպումներում նույնիսկ 1 րոպե չի կարելի թուլանալ: Ամեն ինչ անելու ենք առավելագույն ներուժով խաղալու համար»,- նշել է մարզիչը:

Տուլիպան ասել է, որ «Սպարտան» իր լավագույն ժամանակները չի ապրում, բայց դա նորմալ է, քանի որ անցումային շրջանում նոր ֆուտբոլիստներ են համալրել թիմն ու հարմարվելու կարիք ունեն։

«Մարզիչներս կախարդներ չենք ու մեզ էլ է ժամանակ պետք: Մրցակցին լավ ուսումնասիրել ենք ու պատրաստվել նրանց դեմ խաղին»,-ասել է Տուլիպան:

Leave a Comment