Պրահայի «Սպարտայի» գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեն խոսել է Եվրոպա լիգայի լիգային փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիայի» դեմ կայանալիք հանդիպումից իր սպասելիքների մասին։
Չեխական ակումբի մարզիչը նշել է Հայաստանի չեմպիոնի հաջող ելույթները սեփական հարկի տակ ընթացիկ եվրագավաթային մրցաշրջանում։ Որակավորման փուլում «Արարատ-Արմենիան» Երևանում հաղթել է բոլոր չորս հանդիպումներում: Հայկական թիմը առավելության է հասել «Ռիգայի», «Շեմրոք Ռովերսի», «Ցելեի» և Կրայովայի «Ունիվերսիտատյայի» նկատմամբ՝ ընդհանուր 7:2 հաշվով։
«Նրանք իրենց երկրի չեմպիոններն են, իսկ Մանուել Տուլիպան արդեն որոշ ժամանակ աշխատում է թիմի հետ։ Մենք գիտենք, թե որքան լավ են նրանք հանդես գալիս տանը, հետևաբար մեզ բարդ առաջադրանք է սպասվում։ Նրանց կազմում կան լավ անհատական որակներով ֆուտբոլիստներ, հատկապես եզրերում։ Մենք չպետք է նրանց հարձակվողներին ազատ տարածություն տրամադրենք»,- Պրիսկեի խոսքերն է մեջբերում Sport.cz-ը։
«Սպարտայի» գլխավոր մարզիչը նաև նշել է, որ իր թիմը մանրամասն ուսումնասիրել է հայկական ակումբի խաղը և կփորձի օգտվել մրցակցի պաշտպանությունում առկա որոշ խնդիրներից։