Ադրբեջանցի պատմաբան, Բաքվի հետազոտությունների ինստիտուտի հետազոտող Ալթայ Գյոյուշովը քննադատել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին՝ «Արևելյան Զանգեզուր» ձևակերպումն օգտագործելու համար։
«Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք երկրի այդ հատվածը «Արևելյան Զանգեզուր» չի անվանել։ Այդ եզրույթը շրջանառության մեջ է դրել Ալիևը 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո»,- գրել է Գյոյուշովը։
Նրա խոսքով՝ այդ անվանման կիրառումը կասկածի տակ է դնում Բաքվի խաղաղության հռետորաբանությունը, քանի որ «Արևելյան Զանգեզուրի» գոյությունն ակնարկում է նաև «Արևմտյան Զանգեզուրի» մասին։
Գյոյուշովը նշել է, որ Ադրբեջանի պատմության դասագրքերում ամբողջ Զանգեզուրը ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, և եվրոպացի դիվանագետները չեն կարող անտեղյակ լինել այդ համատեքստից։ Նրա գնահատմամբ՝ նրանք, այնուամենայնիվ, շարունակում են կրկնել և խրախուսել այդ հռետորաբանությունը։
Պատմաբանը հայտարարել է, որ այս հարցում մեծ տարբերություն չի տեսնում տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի և Եվրոպայի մոտեցումների միջև՝ երկու դեպքում էլ մատնանշելով «բաժանիր և տիրիր» սկզբունքը, թշնամանքի խորացումն ու կայսերական տրամաբանությունը։
Նրա խոսքով՝ եվրոպացիները, այսօր աջակցելով Ալիևի հռետորաբանությանը, պարտադիր չէ, որ Ադրբեջանի կողմն անցած լինեն․ վաղը նրանք կարող են նույն ոգևորությամբ աջակցել հակառակ դիրքորոշմանը, մինչդեռ երկու դեպքում էլ տուժելու են տարածաշրջանի բնակիչները։
Սեպտեմբերի 13-ին Գրոնոն հայտնել էր, որ սեպտեմբերի 11-12-ը մասնակցել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած դիվանագիտական այցին՝ կիրառելով «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տարածաշրջաններ» ձևակերպումը։ Նա նաև նշել էր, որ պատվիրակությունն այցելել է մշակութային և կրոնական ժառանգության օբյեկտներ, իսկ դրանց ծագման վերաբերյալ հակադիր մոտեցումները պետք է քննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման շրջանակում։
Սեպտեմբերի 14-ին Գրոնոն Մատենադարանում ծանոթացել էր Գանձասարի բնօրինակ ձեռագրերին։ Մատենադարան այցից հետո նաև «Արմենպրես»-ին հայտնել էր, որ չի վիճարկում «Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում անցյալում հայկական ներկայությունն ու հարուստ հետքը»։
