Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պնդում է, որ Չինաստանը մեծ ճնշում է գործադրում եվրոպական ընկերությունների վրա ԵՄ ներքին շուկայում և երրորդ երկրներում՝ օգտագործելով ոչ շուկայական մրցակցային մեթոդներ և սուբսիդավորված արտահանում։
«Այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը միտումնավոր համատեղում է շուկայական տնտեսությունը պետական միջամտության, ավելորդ արտադրական հզորությունների, ագրեսիվ գնագոյացման քաղաքականության, թերագնահատված արժույթի և խիստ սուբսիդավորված արտահանման հետ», – ասել է Մերցը Գերմանիայի մեծածախ և արտաքին առևտրի ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։
Մերցի խոսքով՝ սա «հսկայական ճնշում» է գործադրում եվրոպական ընկերությունների վրա՝ թե՛ ԵՄ ներքին շուկայում , թե՛ երրորդ երկրների շուկաներում։
Երկուշաբթի օրը Bloomberg-ը հաղորդել է, որ Գերմանիայի կառավարությունը մշակում է միջոցառումների փաթեթ՝ Գերմանիայի ռազմավարական արդյունաբերության Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար, որը հետագայում կարող է հիմք հանդիսանալ ԵՄ մակարդակով սահմանափակումներ մտցնելու համար։
Միջոցառումների փաթեթը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առևտրի պաշտպանությունը, պետական գնումները, կորպորատիվ մատակարարման շղթաները, կարևորագույն հումքը, ներդրումների ստուգումը և տեխնոլոգիական վերահսկողությունը: Մասնավորապես, Բեռլինը մտադիր է խստացնել ընկերությունների պահանջները՝ իրենց մատակարարներին և սակավաթիվ հանքանյութերի աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար:
Գերմանիայի Դաշնային վիճակագրական գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ 2025 թվականի վերջին Չինաստան գերմանական արտահանումը նվազել է 9.7%-ով (մինչև 81.3 միլիարդ եվրո), մինչդեռ Չինաստանից ներմուծումն աճել է 8.8%-ով (մինչև 170.6 միլիարդ եվրո):