Ռուսաստանը մտադիր է պահպանել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ կնքված համաձայնագրերը և ակնկալում է նույն մոտեցումը Երևանից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ներկայում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմ չի նշմարվում։
«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես Հայաստանի, այնպես էլ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության հենասյուներից մեկն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական զորախմբի գտնվելը Հայաստանում կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով։ «Մեր կողմից մտադիր ենք պահպանել դրանք և հույս ունենք, որ պաշտոնական Երևանն ունի նույնանման մոտեցում»,- նշել է Զախարովան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։ «Եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դրան»,- նշել էր Պուտինը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի 102-րդ ռազմաբազան դուրս բերել երկրից։
Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը կնքել են 25 տարով, իսկ 2010 թվականին դրա գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2044 թվականը։
