Վանաձորն ու Արարատը կմիավորվեն հարևան համայնքների հետ – armeniatoday.am

Ազգային ժողովը 62 կողմ և 34 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունել է Լոռու և Արարատի մարզերի համայնքների խոշորացման վերաբերյալ օրինագիծը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանի խոսքով՝ Լոռու մարզում կձևավորվի Վանաձորի նոր համայնքը, որը կմիավորի Վանաձոր և Փամբակ համայնքները։ Այն կներառի 22 բնակավայր։

Արարատի մարզում կձևավորվի Արարատի խոշորացված համայնքը՝ Արարատ և Վեդի համայնքների միավորմամբ։ Նոր համայնքը կներառի 32 բնակավայր։

Ավետիսյանը նշել է, որ խոշորացման 99 նախաձեռնությունների արդյունքում Հայաստանում համայնքների թիվը 915-ից նվազել է՝ հասնելով 64-ի։ Նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո համայնքների թիվը կկրճատվի ևս 2-ով՝ հասնելով 62-ի։

Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները հարցեր են բարձրացրել բնակիչների կարծիքը հաշվի առնելու, խոշորացման արդյունավետության չափանիշների, ինչպես նաև Տիգրանաշենի կարգավիճակի վերաբերյալ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշել է, որ նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել բնակիչների կարծիքը և անցկացնել հանրաքվեներ։

Նույն խմբակցության պատգամավոր, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Վանաձորում ՏԻՄ-ին առնչվող սահմանադրական կարգը խախտվել է դեռևս 2021 թվականից։ Նրա խոսքով՝ խոշորացման գործընթացում հստակ չափանիշներ չեն սահմանվել կառավարման արդյունավետության և ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ։

«Խոշորացման տակ որևէ արդյունավետության, կառավարման, ֆինանսների տեղաբաշխման չափորոշիչ չկա»,- ընդգծել է նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հայտարարել է, որ խոշորացման գործընթացը ծրագրելիս իշխանությունները հստակ պատասխան չեն տվել Տիգրանաշենի կարգավիճակի և Արարատի մարզին դրա պատկանելիության վերաբերյալ։
Ազգային ժողովի Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կառավարության ներկայացրած համապատասխան օրինագիծը հավանության էր արժանացրել սեպտեմբերի 9-ին։

Leave a Comment