Բաբ էլ Մանդեբի նեղուցով նավագնացության դադարեցումը կարող է լուրջ ճգնաժամ առաջացնել, հայտնել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ Իբրահիմ ալ Հաշմին, փոխանցել է «Ինտերֆաքսը»։
«Աշխարհն առանց այն էլ բավականաչափ տուժում է Հորմուզի նեղուցի փակումից, մենք չենք կարող թույլ տալ, որ այս ամենին ավելանա նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցը»,- ասել է ալ Հաշմին։
Նրա խոսքով՝ Կատարը հանդես է գալիս ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով կարգավորելու օգտին։
Անցյալ շաբաթ հութիները հարձակողական գործողության արդյունքում վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի Եմենի ողջ ափամերձ հատվածի և Բաբ էլ Մանդեբի նեղուցին հարող տարածքների նկատմամբ, գրել է «Ինտերֆաքսը»։ Միաժամանակ շարունակվում են հութիների և Սաուդյան Արաբիայի միջև փոխադարձ հարվածները։
Բաբ էլ Մանդեբի նեղուցը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի հետ և համաշխարհային ծովային առևտրի առանցքային երթուղիներից մեկն է։ Նեղուցով նավերը շարժվում են դեպի Սուեզի ջրանցք՝ ապահովելով Ասիայի և Եվրոպայի միջև ծովային հաղորդակցության կարևոր ուղղություններից մեկը։
