Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու վերաբերյալ, հայտնել է Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 583 պատգամավոր, դեմ՝ 49, ձեռնպահ՝ 39։
«Իր սկզբունքներին հավատարիմ և իր դիրքորոշման մեջ հաստատուն՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, աջակցեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ Made in Armenia արտադրանքին ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու վերաբերյալ։ Եվս մեկ նշանակալի քայլ Հայաստան-ԵՄ գործընկերության համար»,- գրել է Բալայանը։
Նախատեսված միջոցները թույլ կտան ժամանակավորապես կասեցնել ԵՄ ներմուծվող հայկական ապրանքների մաքսատուրքերը՝ ընդգրկելով Հայաստանից Եվրամիություն արտահանման շուրջ 80%-ը։ Արտոնյալ ռեժիմը կգործի կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի։
Մասնավորապես, արտոնությունները կտարածվեն այն ապրանքային խմբերի վրա, որոնց բաժին է ընկնում Հայաստանից Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91%-ը։ Կանոնակարգը նաև նախատեսում է պաշտպանական մեխանիզմներ, եթե ներմուծման աճը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա։
ԵՄ խորհուրդը սեպտեմբերի 2-ին առանց փոփոխությունների հավանություն էր տվել Եվրահանձնաժողովի առաջարկին։ Խորհրդում պարզաբանել էին, որ միջոցները նպատակ ունեն աջակցել Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումներից հետո, որոնք ազդել են հայկական արտահանման և տարանցիկ ուղիների վրա, ինչպես նաև նպաստել արտահանման դիվերսիֆիկացմանը և Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների ամրապնդմանը։
Արտոնյալ ռեժիմը Հայաստանի համար նախատեսում է մի շարք պայմաններ, այդ թվում՝ ապրանքների ծագման կանոնների պահպանում, ԵՄ-ի հետ վարչական համագործակցություն, Եվրամիությունից ներմուծման նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանելու պարտավորություն և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիմնական դրույթների պահպանում։
Եվրախորհրդարանի դիրքորոշման ընդունումից հետո այն պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։ Կանոնակարգն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։
ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ն ընդգրկող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից («Ռոսսելխոզնադզոր») հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներից հետո, ՀՀ կառավարությունն աջակցման ծրագրեր էր նախաձեռնել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին առաջարկել էր ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը և ռուսական շուկայից կախված արտադրանքի մի մասը վերաուղղել դեպի Եվրամիություն։
