Դատարանը մերժել է Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու բողոքը – armeniatoday.am

Վճռաբեկ դատարանը մերժել է Գորիսի քաղաքապետի ՔՊ թեկնածու Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։

Հուլիսին Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Առուշանյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով մերժվել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։ Ըստ այդմ՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չէր փոխարինվել։

Առուշանյանը ձերբակալվել էր 2021 թվականի հուլիսի 16-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի խոչընդոտմանը նպաստելու, ինչպես նաև ընտրողներին կաշառք տալուն նպաստելու համար։

2022 թվականի մարտին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Առուշանյանին արդարացրել էր մեկ մեղադրանքով, մեղավոր ճանաչել մեկ այլ մեղադրանքով և դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած 8 ամիսները՝ վերջնական պատիժը կազմել էր 6 ամիս պայմանական ազատազրկում, փորձաշրջան և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու արգելք՝ 5 տարի ժամկետով։

Սեպտեմբերի 10-ի Առուշանյանը հայտարարել էր, որ Գորիսի ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինքով։

Leave a Comment