Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից պատասխանեց Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի այն հայտարարությանը, թե հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության նպատակի իրականացման համար անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի, դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից, իսկ Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը։
«Պարոն Եղոյան, Ձեր միջից չի կարող վերանալ մի բան, որը ձեր մեջ երբեք չի եղել։ Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել և դրանից սերված ՔՊ-ական։ Չինացիներն էլ են հայ, հնդիկներն էլ են հայ․ դա նույնքան աբսուրդ է, որքան, որ պարոն Եղոյանն ունեցել է դաշնակցականություն։ Պարոն Եղոյանը ՀՀՇ-ական արմատներից, ՀՀՇ-ական ծառից ծնված մի պտուղ է։ Իմաստության պտուղ չեմ կարող ասել, բայց բազմալեզվախոսության մի պտուղ է, որը չունի տարրական տակտի զգացում՝ մատով խոսել։ Եվ ահա ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թուրքերից։ Ոնց որ թուրքերն էին ասում՝ պետք է մնա մի հայ և այն էլ թանգարում, նույնն էլ դուք եք ասում՝ պետք է մնա մի հոգի՝ վերջինը։ Այնպես որ՝ կանգնեք հայելու առաջ և փորձեք ձեր ասածների մեջ բանականություն գտնեք, որը շատ դժվար է, բայց թուրքերի հետ նմանություն՝ 100-ից 100»,- ասաց Խաչատրյանը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ փորձեց արդարացնել Եղոյանին՝ նշելով, թե նրա խոսքը դաշնակցականներին ֆիզիկապես վերացնելու մասին չէր։