Բայց հենց այդ վրդովմունքն է առաջացնում ավելի անհարմար հարցը՝ իսկ որտե՞ղ է Արամ Ա կաթողիկոսը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի՝ Հայաստան վերջին հաստատված այցը 2019 թվականի փետրվարին էր։ Դրանից հետո եղան պատերազմը, Արցախի շրջափակումը, 2023-ի բռնի տեղահանումը, հայկական եկեղեցիների ու գերեզմանոցների նկատմամբ սպառնալիքները, Բաքվում հայ գերիների դատավարությունները։ Արամ Ա-ն հայտարարություններ արեց, նամակներ գրեց, հանդիպեց դիվանագետների։ Բայց պատերազմից հետո ինքը Հայաստան չեկավ։ Մինչդեռ այս տարիներին նա բազմաթիվ հայրապետական այցելություններ է կատարել՝ այդ թվում մի քանի անգամ Միացյալ Նահանգների արևելյան և արևմտյան թեմեր։ Նրա հայրապետական այցելությունների լայն աշխարհագրության մեջ, սակայն, Հայաստանը այդպես էլ տեղ չի գտել։
Սա մանրուք չէ։ Հոգևոր առաջնորդի ներկայությունը երբեմն ինքնին դիվանագիտական գործողություն է։ Պատերազմի սահմանագծին նրա այցը, վտանգված սրբավայրում նրա ներկայությունը, տեղահանված մարդկանց կողքին կանգնելը միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձներ են, որոնք հաճախ ավելի մեծ քաղաքական կշիռ ունեն, քան տասնյակ հայտարարություններ ու հաղորդագրություններ։
Հոգևոր առաջնորդի ներկայությունը երբեմն ինքնին դիվանագիտական գործողություն է։ Պատերազմի սահմանագծին նրա այցը, վտանգված սրբավայրում նրա ներկայությունը, տեղահանված մարդկանց կողքին կանգնելը միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձներ են, որոնք հաճախ ավելի մեծ քաղաքական կշիռ ունեն, քան տասնյակ հայտարարություններ ու հաղորդագրություններ։
Արամ Ա-ն միջազգային այնպիսի կապերի և էկումենիկ հեղինակության է տիրապետում, որոնք կարող էին վերածվել հայկական շահերի պաշտպանության ազդեցիկ գործիքի։ Տասնամյակների գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում, հարաբերությունները Վատիկանի, Մերձավոր Արևելքի եկեղեցիների և արևմտյան քաղաքական շրջանակների հետ նրան բացառիկ հնարավորություններ են տվել։ 2024-ի ամերիկյան ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը նրա հետ հեռախոսով քննարկեց Արցախի հայերի խնդիրը, 2025-ին Արամ Ա-ն արդեն նախագահ Թրամփի առաջ բարձրացրեց Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը, իսկ 2026-ին՝ նույն խնդիրը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Հետևաբար հարցն այն է, թե իր ունեցած ծանրակշիռ կապերից որքանն է վերածվել հետևողական եկեղեցական դիվանագիտության և շոշափելի արդյունքի։
Այս քայլերը պետք չէ թերագնահատել։ Բայց հենց դրանց առկայությունն է ավելի կարևոր դարձնում հիմնական հարցը՝ այդ բացառիկ կապերը որքանո՞վ են վերածվել Արցախի համար հետեւողական եւ կազմակերպված եկեղեցական դիվանագիտության։ Հաջողվե՞լ է միջազգային եկեղեցական կառույցները համախմբել հայկական ժառանգության պաշտպանության շուրջ, ստեղծել մշտական մեխանիզմներ, ձևավորել ազդեցության իրական ճակատ Բաքվի նկատմամբ։ Թե՞ այդ մեծ ներուժը հիմնականում մնացել է առանձին հանդիպումների, նամակների ու հայտարարությունների մակարդակում։ Հոգևոր իշխանության արժեքը նույնպես չափվում է արդյունքով։
Այս հարցն առավել օրինաչափ է, որովհետև Արամ Ա-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում երբեք պարզապես հեռավոր դիտորդ չի եղել։ Նա հրապարակային գնահատականներ է տվել իշխանության գործողություններին և անգամ պահանջել կառավարության հրաժարականը։ Դա նրա իրավունքն է։ Բայց քաղաքական պահանջն անխուսափելիորեն ենթադրում է նաև պատասխանատվության համաչափություն․ եթե Անթիլիասից հնարավոր էր պահանջել Հայաստանի կառավարության հրաժարականը, ինչո՞ւ պատերազմի, Արցախի կորստի և տասնյակ հազարավոր տեղահանվածների ողբերգության տարիներին հնարավոր չեղավ անձամբ գալ Հայաստան եւ կանգնել այդ նույն հասարակության կողքին։ Ավելին՝ այս ամենը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու դեռ չհաղթահարված ներքին բաժանումների ֆոնին։
Հայաստանի անկախությունը պատմական հնարավորություն էր թվում վերջապես հաղթահարելու Էջմիածին–Անթիլիաս տասնամյակների բաժանարար գծերը և համազգային եկեղեցական կյանքը վերադարձնելու համագործակցության տրամաբանությանը։ Սակայն այդ հնարավորությունը լիարժեք չիրացվեց։ 2002-ին՝ արդեն Արամ Ա-ի գահակալության օրոք, Կանադայում ստեղծվեց Կիլիկիո աթոռին ենթակա առանձին թեմ՝ զուգահեռ այնտեղ գործող Մայր Աթոռի թեմին։ Գարեգին Բ-ն հրապարակավ առարկեց այդ քայլին՝ այն բնորոշելով որպես կրկնվող թեմական կառույց և զգուշացնելով, որ նման բաժանումները կարող են խաթարել ազգային-եկեղեցական կյանքի միասնությունն ու խաղաղությունը։
Այդ պատմությունն այսօր հիշատակելու նպատակը հին վեճերը վերակենդանացնելը չէ, այլ մի էական հակասություն արձանագրելը․ եկեղեցու միասնության և մեկ ժողովուրդ լինելու հրամայականի մասին մշտապես խոսող Արամ Ա-ի գահակալության տարիներին եկեղեցական պառակտման սահմանները ոչ միայն չհաղթահարվեցին, այլ որոշ դեպքերում ավելի խորացան։ Փոքր ժողովրդի համար նման բաժանումները զուտ եկեղեցական վարչարարության խնդիր չեն․ դրանք ջլատում են համազգային ուժը հենց այն ժամանակ, երբ պատմական փորձությունները պահանջում են առավելագույն համախմբում։
1441-ից հայկական եկեղեցական իրականության մեջ գոյություն ունեն երկու կաթողիկոսություններ։ Պատմությունը դրա համար ունեցել է իր պատճառները։ Բայց անկախ պետականության վերականգնումը պետք է ստեղծեր նոր տրամաբանություն՝ մեկ պետություն, մեկ ազգային օրակարգ և եկեղեցական կենտրոններ, որոնք մրցում են ոչ թե ազդեցության տարածքների, այլ Հայաստանին ծառայելու կարողության մեջ։ Ի դեպ, Կիլիկիո աթոռը, չնայած խորհրդային շրջանի կնճիռներին, պաշտոնապես ճանաչում Էջմիածնի պատվի առաջնությունը։
Շուշիում օտարերկրյա դիվանագետների ներկայությունը կարող է և պետք է վրդովեցնի բոլորիս, այդ թվում՝ Արամ Ա կաթողիկոսին։ Բայց վրդովմունքն ինքնին քաղաքականություն չէ, ինչպես հայտարարությունն ինքնին՝ դիվանագիտություն։ Արցախի հայկական ժառանգության պաշտպանությունն այսօր պահանջում է Վատիկանից Ժնև, Վաշինգտոնից Բրյուսել հասնող հետևողական և համակարգված եկեղեցական դիվանագիտություն՝ միջազգային եկեղեցիների, կառույցների ու քաղաքական կենտրոնների ներգրավմամբ։ Արամ Ա-ն այն հայ հոգևորականներից է, որի միջազգային հեղինակությունն ու տասնամյակներով ձևավորված կապերը հնարավորություն են տալիս նման ցանց ստեղծելու և այն իրական ազդեցության գործիքի վերածելու։
Ուստի սա մեղադրանքի չէ, պատասխանատվության հարց է։ Երբ Շուշիի հայկական եկեղեցիների ճակատագիրը որոշվում է առանց հայերի, հոգեւոր առաջնորդի խոսքի արժեքը չափվում է նախեւառաջ նրանով, թե իր հեղինակությունը, կապերն ու ազդեցությունը որքանով է կարողանում ծառայեցնել դրանց պաշտպանությանը։ Երեւանից քաղաքական պատասխանատվություն պահանջելու հետ մեկտեղ Անթիլիասն էլ ունի իր պատասխանատվությունը Շուշիի հանդեպ։
Կարդացել են
անգամ